Ինչպես գիտենք, Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչը դիմել է դատարան՝ 1in.am կայքից պահանջելով 5 միլիոն դրամ փոխհատուցում Քոչարյանի անձը վարկաբեկելու համար:
Քոչարյանի քաղաքականության մեջ մամուլի ու ազատ խոսքի հանգամանքը առանձնակի դիտարկման է արժանի: Ընդ որում, նրա վերաբերմունքի կոնտեքստում էլ Սերժ Սարգսյանի թիմին հաջողվեց հանրային դժգոհության որոշակի չափաբաժինն իջեցնել՝ մամուլի հանդեպ վերաբերմունքը փոփոխելով: Հայաստանում մամուլն ու մեդիան չեն շարունակում ազատ լինել, շատ դեպքերում կառավարվում կամ գնվում են, բայց առնվազն չեն փակվում:
Քոչարյանն, իհարկե, իրավունք ունի դատի տալու՝ ում ցանկանում է, բայց հստակ է, որ հանրային ու քաղաքական գործիչը ուղղակի, հենց այնպես նման քայլի գնալ չի կարող: Առավել ևս, երբ վերջինս տիրապետում է տնտեսական ու քաղաքական լծակների, հետևաբար նաև կարող է ցանկացած պահի սնանկացնել ցանկացած կայք կամ թերթ:
Եվ սա արվում է Քոչարյանի վերադարձի կոնտեքստում, իսկ այդ վերադարձի հնարավորությունը անընդհատ որոշակիորեն քննարկվում է: Ավելին՝ արդեն պարզ է, որ նրա վերադարձը քննարկում են ոչ միայն իր կողմնակիցներն ու համակիրները, այլև ընդդիմության արմատական հատվածը` դեռևս, իհարկե, լուռ կամ շշուկների մակարդակով: Միաժամանակ իշխանությունն էլ ինքնին հասկանում է, որ Քոչարյանի վերադարձի համար օբյեկտիվ բազմաթիվ պատճառներ կան: Ուստի եթե ոչ ուղղակի, ապա առնվազն միջնորդավորված Քոչարյանը ակտիվ վերադարձի փուլում է:
Բայց, ինչպես տեսնում ենք, իր վերադարձի դեպքում արդեն հիմնովին բացառվում է վերափոխման որևէ հնարավոր տարբերակ: Նա նույնն արեց, երբ հայտարարեց երկու ղարաբաղցիների մասին հայտնի արտահայտությունը՝ դրանով փաստելով, որ գոնե հանրային մակարդակում Քոչարյանի քաղաքական լեզուն ու բառապաշարը որևէ էական փոփոխություն չեն կրել: Նա շարունակում է իշխանությունն ու քաղաքականությունը պատկերացնել նույն կերպ, ինչպես պատկերացրել է:
Այս լեզվի չփոփոխվելու երկրորդ տեսանելի դեպքը վերոնշյալ դատավարությունն է: Կրկին` Քոչարյանն, իհարկե, իրավունք ունի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու նման՝ իրացնելու իր իրավունքները, բայց իր շուրջ այս պահին տիրող կոնտեքստում պարզ է այդ իրացման նպատակը կամ գոնե այն հանրային արձագանքն ու հետևանքը, որ դա կարող է ունենալ:
Քոչարյանը ու նրա վերադարձի կողմնակիցները և ընդհանրապես՝ այն մարդիկ, ովքեր դիտարկում են այդ վերադարձի հնարավորությունը, պետք է հաշվի առնեն, որ վերադարձը միայն մի կետից մյուսը կետը սովորական տեղափոխություն չէ: Վերադարձը նշանակում է, որ կա որոշակի նոր ասելիք: Չնայած Քոչարյանն այդ վերադարձի մասին չի հայտարարում՝ հաշվի առնելով շատ օբյեկտիվ պատճառներ: Այդ օբյեկտիվ պատճառների շարքում են, օրինակ, ոչ բավարար էլեկտորատի ու քաղաքական հենարանի առկայությունը, ու մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ մարտից հետո իշխանությունը կսկսի տրոհվել, իսկ այդ իրավիճակում վերադառնալն ավելի իրատեսական կլինի:
Քոչարյանը ունի մեծ տնտեսական ու քաղաքական կապիտալ, ու անկախ մասնակցության ակտիվությունից՝ նա միշտ առկա է գործընթացներում: Տրամաբանական է, որ նա կփորձի հետ գալ ու սեփական հայտը ձևակերպել: Բայց նաև տրամաբանական կլինի, եթե հայտը փոփոխվի: Այլապես Քոչարյանը՝ իր ամբողջ ֆինանսատնտեսական ռեսուրսով, կարող է մնալ մարգինալլ:
Իսկ այսօր արդեն հանրային դաշտում տիրող մոտեցումները՝ թե ներքին քաղաքական, թե արտաքին քաղաքական, թե հանրության մեջ տիրող մոտեցումների իմաստով, այնպիսին են, որ ցանկացած ոք, այդ թվում՝ Քոչարյանը, եթե ցանկանում են նոր իրավիճակում խաղալ, պետք է ընդունեն այդ խաղի կանոնները` գոնե մանիֆեստի մակարդակով: Իսկ այդ խաղի կանոններում գոնե առայժմ, թեկուզ դեկլարացիոն մակարդակով, կարծես հիմնական ու բոլորի համար ընդունելի սկզբունքներ են ձևակերպվում` բռնության ժխտումը ու խոսքի ազատությունը, ասել է թե՝ արխայիկ ֆորմաների լիակատար մերժումը:












































