Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկուշաբթի՝ տեղի ժամանակով ժամը 20.00-ին, սպասում է խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիին սահմանադրական փոփոխությունների հարցերի մասին խորհրդակցելու համար: Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերով հաղորդել է «Ազգային միասնական շարժում» կուսակցության պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին:
Խորհրդարանական մեծամասնության որոշման համաձայն՝ խորհրդարանում Սաակաշվիլիի ամենամյա ելույթը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 8-ին, անորոշ ժամանակով հետաձգվել է: Պատգամավորները նախևառաջ ցանկանում են սահմանադրության մեջ ուղղումներ մտցնել երկրի ղեկավարի՝ խորհրդարանը ցրելու իրավունքը սահմանափակելու համար: Նախագահը որոշում էր կայացրել ամենամյա հաշվետվությունը ներկայացնել Թբիլիսիի Ազգային գրադարանից, սակայն շենքի մոտ տեղի էին ունեցել բողոքի ակցիա և բախումներ:
Դրանից հետո նախագահը ելույթ է ունեցել նախագահական նստավայրից և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին հրավիրել է հանդիպել և քննարկել հարցեր, որոնք վերաբերում են սահմանադրական փոփոխություններին և փետրվարի 8-ի միջադեպին: Վարչապետը նշել է, որ նախագահի հետ բանակցություններ պատրաստ է վարել խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:
«Եթե վարչապետի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա նախագահը Դավիթ Ուսուպաշվիլիին սպասում է իր նստավայրում ժամը 20.00-ին»,- հայտարրաել է Գաբաշվիլին:








































