Վրաստանում քաղաքական ճգնաժամի լուծման հույս է հայտնվել: Հանգստյան օրերին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարություններ են արել, որոնք վկայում են հիմնական վիճելի հարցերի շուրջ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Երկու առաջնորդների դիրքորոշումների մեղմացման գործում «գլխավոր դերակատարը» Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդն է: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Ուրբաթ, ուշ երեկոյան, երբ Ազգային գրադարանի շենքի մոտ ավարտվեցին բուռն իրադարձությունները, որտեղ նախկին քաղբանտարկյալները ծեծի էին ենթարկել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային և նախագահի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մի քանի ակտիվիստների, Միխեիլ Սաակաշվիլին ելույթ ունեցավ «Երկրում իրադրության մասին» զեկույցով, սակայն ոչ թե գրադարանի շենքում, ինչպես ծրագրված էր, այլ իր նստավայրում: Հազարավոր ցուցարարներ Հավլաբարի շրջանում շրջապատել էին նախագահական պալատը և սպառնում էին գրոհով զավթել այն, եթե Սաակաշվիլին հայտարարի արտակարգ դրություն:
Իրադրությունը փոխել է անսպասելիորեն նստավայրից դուրս եկած դեսպանը: Դիվանագետը հայտարարել է, որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ: «Պետք է նախագահին և վարչապետին թույլ տալ երկխոսություն սկսել և համագործակցել հանուն երկրի շահերի, իսկ բռնությունը ելք չէ»,- հայտարարել էր Նորլանդը: Ակցիայի մասնակիցները լռել են, լսել դեսպանին, իսկ ավելի ուշ նրանցից մեկը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանը խոսել է՝ ինչպես Վրաստանի իրական տեր: Նրա ելույթից հետո վրացական էլիտան ԶԼՄ-ներով և սոցցանցերով հաշտվողական հայտարարություններ է արել:
Պարբերականի տվյալներով՝ նախագահի թիմն ու վարչապետը պատրաստ են սկսել երկխոսությունը, որն, ըստ ամենայնի, տեղի կունենա խորհրդարանում: Նախագահի կուսակցությունը պատրաստ է աջակցել սահմանադրական փոփոխություններին, համաձայն որոնց՝ Սաակաշվիլին կզրկվի վարչապետին պաշտոնանկ անելու հնարավորությունից: Դրա դիմաց նա պահանջում է չանդամակցել Եվրասիական միությանը և դադարեցնել նախկին ու գործող պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը:









































