Այսօր Լոնդոնում տեղի կունենա Կինո և հեռուստաարվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) դափնեկիրներին հայտարարելու և ոսկե դիմակներով պարգևատրելու շքեղ արարողությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Արարողությունը տեղի կունենա Օպերայի և բալետի թագավորական Covent Garden թատրոնում: 60 մետրանոց կարմիր գորգի վրա այսօր բազմաթիվ համաշխարհային աստղեր կհայտնվեն: Երեկոյի հաղորդավարը, ինչպես անցած տարի, հայտնի գրող և դերասան Սթիվեն Ֆրայն է:
Այս տարի ոսկե դիմակների գլխավոր հավակնորդը Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմն է, որը ԱՄՆ նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնի կյանքի ու գործունեության մասին է: Ֆիլմը ներկայացված է մրցութային 24 անվանակարգերից 10-ում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
9 անվանակարգերում ներկայացված է արտակարգ պայմաններում վերապրածի մասին «Փիի կյանքը» եռաչափ դրաման, որի ռեժիսորը օսկարակիր Էնգ Լին է:
Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը՝ Skyfall-ը, ներկայացված է 8 անվանակարգերում: 7 անվակարգերում էլ ներկայացված է Իրանում ամերիկացի պատանդների ազատագրման «Արգո» ֆիլմը:
«Լավագույն ռեժիսոր» տիտղոսի համար կպայքարեն Միխաիլ Հանեկեն, Բեն Աֆլեքը, Քվենտին Տարանտինոն, Էնգ Լին և Քեթրին Բիգելոուն:
«Լավագույն դերասանուհի» կոչման համար կպայքարեն Էմանուել Ռիվան, Հելեն Միրենը, Ջենիֆեր Լոուրենսը, Ջեսիկա Չեսթեյնը, Մարիոն Կոտիյարը:
«Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում առաջադրված են Բեն Աֆլեքը, Բրեդլի Կուպերը, Դենիել Դեյ-Լյուիսը, Հյու Ջեքմանն ու Հոակին Ֆենիքսը:
Հաղթողներին ընտրում են Բրիտանական կինոակադեմիայի ավելի քան 6000 անդամների քվեարկության արդյունքում:
BAFTA մրցանակը հանձնվում է 1947 թվականից: Բացի կինեմատոգրաֆիական ոլորտից, բրիտանական ակադեմիան մրցանակներ է շնորհում հեռուստատեսության, վիդեոխաղերի ոլորտների հաղթողներին:










































