2002թ.-ին Կարակասի Ժամանակակից արվեստների թանգարանից գողացված Անրի Մատիսի «Կարմիր շալվարով հարճը» կտավը կվերադարձվի Վենեսուելա: Այս մասին հաղորդել է Մշակութային ժառանգության տնօրեն Ռաուլ Գրիոնը, ով հիշեցրել է, որ անցած տարվա հուլիսին Ֆլորիդա նահանգում կտավը մաքսանենգներից առգրավել են ՀԴԲ-ի գործակալները:
«Դատելով ամեն ինչից՝ կտավը կվերադարձվի մեկ ամսից»,- ասել է Գրիոնը:
Նրա խոսքերով՝ Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստում է ԱՄՆ-ի իշխանություններին փոխանցել փաստաթղթերի մի փաթեթ, որոնք հաստատում են, որ կտավը գողացվել է կարակասյան թանգարանից և հանդիսանում է նրա սեփականությունը: Հունվարի վերջին ԱՄՆ-ը վենեսուելական դեսպանատանը հաղորդել է, որ կտավը առևանգողների վերաբերյալ դատական գործը ավարտվել է: Հանցագործները կալանավորված են:










































