«Գոհունակությունս եմ հայտնում, որ հայտարարվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալությունների մասին: Ինձ համար փոքր-ինչ տարակուսելի էր ձևակերպումներից այն, որ նրանցից մեկը Երևանում է գտնվում ոչ լեգալ: Պարզաբանման կարիք ունի. առնվազն տարօրինակ է, որ ոչ լեգալ են գտնվում Երևանում»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է նախագահի թեկնածու Արման Մելիքյանը և հրաժարվել որևէ մեկնաբանություն տալ թեմայի առնչությամբ, քանի դեռ հայտնի չեն բոլոր դետալները: Ինչ վերաբերում է կասկածյալների արտաքինին, որը մաշկի գույնով բոլորովին նման չէր Պարույր Հայրիկյանի նկարագրածին, Արման Մելիքյանն ասել է, որ Պարույր Հայրիկյանը լուրջ սթրես է ապրել այդ պահին և կարող էր գույները խառնել իրար, և կամ չհիշել դեմքը, ինչն արդարացված է:
Արման Մելիքյանը տեղեկություն չունի, թե որչափ է ապահովված թեկնածուների անվտանգությունը: «Ես ինձ ապահովված եմ զգում, և դա լավ է: Ինձ թեիկնապահ պետք չէ, բայց այնպես չէ, որ ես պետք է որոշեմ: Նախընտրելի է, որ հեռակա կարգով ԱԱԾ-ն անվտագության միջոցառումներ ձեռնարկի: Պետք է զուգորդվի թեկնածուների ազատ գործելու հնարավորությունը անվտագության երաշխիքների հետ»,- ասել է նախագահի թեկնածուն:
Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի՝ ընտրությունը երկրաձգելու պահանջով ՍԴ դիմելուն, ապա, ըստ Արման Մելիքյանի, եթե Հայրիկյանը չէր ուզում հետաձգել, բայց առողջությունն էլ չի ներում, լավ կաներ ինքնաբացարկ ներկայացներ: Արման Մելիքյանի համար միևնույն է՝ կհետաձգվի ընտրությունը, թե՝ ոչ, քանի որ ինքը բոլոր սցենարների դեպքում ունի իր մշակած մարտավարությունը:
Արման Մելիքյանը «անպտուղ» է համարել թեկնածուների կողմից մարզերում քարոզարշավ անցկացնելը, քանի որ, ըստ նրա, մարզերում, բացի իշխանությունից, ոչ մեկը շատ մարդ չի հավաքում: Կարևորը, ըստ նրա, ընտրական օրինաչափությունը, օրինականությունն ապահովելն է, ինչի կապակցությամբ նախագահի թեկնածուն վերստին հիշեցրել է ԿԸՀ-ից իր պահանջները՝ Հայաստանից հեռացած քաղաքացիների թվային պատկերը ներկայացնելու միջոցով դադարեցնել կեղծիքները: «ԿԸՀ-ն մտմտում է այս պահանջի շուրջ: Մտախոհ են և ընկալման տեսանկյունից կասկածներ ունեն, և հույս ունեմ՝ կփարատեն: Իրենք կասկածում են, թե ինչպես կարելի է այս միջոցով ընտրակեղծարարությունը կանխել»,- ասել է Արման Մելիքյանն ու հավելել, որ խնդիրը երկխոսությամբ կարող է լուծվել:
Ընտրացուցակների հետ կապված որևէ խնդիր նախագահի թեկնածուն չի տեսնում և համոզված է, որ այս հարցում ԿԸՀ-ն ամեն ինչ բծախնդրորեն ուսումնասիրում է: «Ես հրաժարվում եմ ընտրողներին խաբելուց, պայծառ ապագա խոստանալուց, քանի դեռ օրինականություն չկա»,- ասել է նախագահի թեկնածուն և հավելել, որ արդար ընտրությունների պարագայում իր շանսերն ընտրվելու չափ բարձր են: Իսկ անօրինական ընտրությունների պարագայում իշխանությունը չունի մրցակից:
Արման Մելիքյանը նաև ասել է, որ չկա մի թեկնածու-գործիչ, որի հետ իր հայացքները համընկնում են:






































