Եվրոպական միության գագաթաժողովի մասնակիցները հաստատել են 2014-2020 թթ. կրճատված բյուջետային ծրագիրը, որի ծախսային մասը կազմում է 959 մլրդ եվրո, իսկ եկամտայինը` 908 մլրդ եվրո: Այս մասին հանդիպման ավարտին հայտարարել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը:
Նա նշել է, որ պատմության մեջ առաջին անգամ հաստատվել է բյուջտային ծրագիր, որը նախորդ 7 տարվա (2007-2013) բյուջեից քիչ է: ԵՄ նախագահը նշել է, որ բյուջեն կրճատվել է 44 մլրդ եվրոյով՝ և՛ ծախսային, և՛ եկամտային մասով:
Նա նաև հավելել է, որ հաստատված բյուջեն իդեալական չէ ոչ ոքի համար, սակայն այն իրատեսական է և միտված է ապագային, ինչպես նաև համապատասխանում է իրենց մտահոգություններին:
Վան Ռոմպեյը հավաստիացրել է, որ 2014-2020 թթ բյուջեում ինովացիոն, էներգետիկ ծրագրերի, ինչպես նաև երիտասարդության և ուսանողության աջակցության համար հատկացումները «նույնիսկ կմեծանան»: Եվրոպայի հարավում բնակչության այդ շերտում գործազրկության մակարդակը հասել է 60 տոկոսի:
Նա հայտարարել է, որ բյուջետային քննարկումները դեռևս չեն ավարտվել: Այժմ ԵՄ Խորհուրդը նախարարների մակարդակով պետք է օրինական փաստաթղթի վերածի գագաթաժողովի դիրքորոշումը, որպեսզի այն Եվրախորհրդարանում քննարկվի:










































