«Առաջին լրատվական»-ի Real Politik+ հաղորդաշարըշարունակում է ներկայացնել Հայաստանի նախագահի թեկնածուներին, և այսօր մեր հյուրն է Վարդան Սեդրակյանը:
– Պարոն Սեդրակյան, վերջերս Դուք ասացիք, որ եթե Պարույր Հայրիկյանը չդիմի Սահմանադրական դատարան իր դեմ կատարված մահափորձը որպես անհաղթահարելի խոչընդոտ գնահատելու հայցով, դա կանեք Դուք։ Սա մնո՞ւմ է ուժի մեջ։
– Ասեմ, որ տեղեկատվությունը կիսատ է տարածվել։ Հայրիկյանը հիվանդանոցից ասաց՝ ես հետևում էի իմ վարկանիշի աճին, և այն օրական աճում էր այսքան տոկոսով, եթե տեսնեմ, որ այս իրադարձությունը չի խանգարել, և վարկանիշս շարունակում է աճել, չեմ դիմի։ Եթե ահաբեկչությունը կամ նման գործողությունը թեկնածուն դիտարկում է ոչ թե Սահմանադրության համապատասխան կետի տեսանկյունից, այլ զուտ իր վարկանիշային թվերի տեսանկյունից, ես էլ համեմատական վերլուծություն արեցի, ասացի, որ քանի որ ունենք նախադեպը, որ հացադուլը վարակիչ բնույթ է ստանում, կարող է այս քայլն էլ վարակիչ բնույթ ստանալ, և թեկնածուները որոշեն իրենց վարկանիշներն աճեցնելու համար նման մի քայլ կատարել, և ավելի շուտ հումորով ասացի, որ այդ դեպքում միգուցե ես էլ մտածեմ իմ մեքենաներից մեկը հրապարակային այրեմ և հայտարարեմ, որ ռուսական ՊԱԿ-ը կամ ամերիկյան ԿՀՎ-ն եկան և ինձ պես հզոր մարդուն ցանկանում էին այրել, բախտս բերեց, դուրս եկա։
– Դուք այդպիսի մտադրություն չունե՞ք։
– Բացարձակապես ոչ։ Իր պահվածքից հետո ես ասացի, որ իմ մեքենաներից նույնիսկ ամենաէժանն ավելի թանկ արժե, քան Պարույր Հայրիկյանն ինքը։
– Չե՞ք կարծում, որ ձեր հայտարարությունը կարող է ազդել ձեր վարկանիշի վրա։
– Ես չեմ եկել վարկանիշների պայքարի։ Իմ նպատակը մեկն է՝ մեկ ինստիտուտի մեջ միավորել Հայաստանի Հանրապետության երեք նախկին նախագահներին և միասին պետությունը կարողանանք հանել այս իրավիճակից։ Ես եկել եմ միավորելու ՀՀ բոլոր քաղաքական ուժերին։
– Ինչպե՞ս եք պատրաստվում դա անել։
– Տարածելով ՙՙՍասնա ծռերՙՙ էպոսի գաղափարախոսությունը։
– Իսկ որտե՞ղ են լիբերալիզմը, սոցիալ-դեմոկրատիան, սոցիալիզմը, որոնք պայմանավորում են նաև կուսակցությունների բազմազանությունը։ Ինչպե՞ս եք տեսնում դրանց միավորումը էպոսի տրամաբանության մեջ, թե՞ մենք պիտի հրաժարվենք այդ գաղափարախոսություններից։
– Չէ, երբեք չենք հրաժարվում։ Ես ասել եմ՝ մարդ նախ ծնվում է հայ, հետո ընտրում է որևէ գաղափարախոսություն։ Բազմիցս ապացուցվել է, որ ազգի և պետության համար կրիտիկական պահերին բոլոր քաղաքական ուժերը մի կողմ են դնում իրենց կուսակցական-գաղափարախոսական նկրտումները և լծվում են այդ գործի իրականացմանը։ Իմ առավելությունն այն է, որ ես երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել։ Այսինքն՝ իմ հանդեպ վստահությունը, որ կկարողանամ դա անել, շատ ավելի մեծ է։ Եվ երկրորդ, ես երբևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել։
– Իսկ գաղափարական ո՞ր ուղղությանն եք Ձեզ ավելի շատ ենթարկում։
– Ոչ մի։ Նախագահ դառնալուց հետո իմ առաջին քայլը լինելու է Ազգային ժողովի լուծարումը։ Իմ խնդիրը տեսնում եմ արդար ԱԺ ընտրություններ իրականացնելու մեջ։
– Ի՞նչն է Ձեզ հաղթելու վստահություն ներշնչում։
– Հայի ազգային գենը։
– Պարոն Սեդրակյան, Դուք քաղաքականության մեջ չեք եղել 20 տարի, քաղաքական ուժ, թիմ չունեք, ինչպե՞ս եք պատկերացնում առանց այս ամենի միանձնյա մտնել քաղաքական պայքարի մեջ և առանց կատակի հայտ ներկայացնել ու հայտարարել, թե՝ ես ընտրվելու եմ նախագահ՝ 81 տոկոսով։
– Նախ ասեմ, որ ԱԺ ընտրություններին մի անգամ մասնակցել եմ՝ 2007-ին, մեծամասնական ընտրակարգով և հավաքել եմ մոտ 5600 ձայն։ Պատմության մեջ այն մարդիկ են կարողանում փոխել դեպքերի ընթացքը…
– Եվ Հայաստանում Վարդան Սեդրակյանը։
– Ինչո՞ւ Վարդան Սեդրակյանը։ Ես ասացի՝ երեք նախագահները միավորվելու են։
– Դուք միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն չե՞ք տեսնում։
– Չեմ տեսնում, որովհետև արդեն տեսնում եմ երկու նախագահների դրական մոտեցումը։ Հունիսին, երբ ես առաջին անգամ այս գաղափարները հրապարակեցի, սեպտեմբերին եղավ մամուլի ասուլիս, ես ասացի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի ընտրություններին, Ռոբերտ Քոչարյանը՝ նույնպես։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ասացի, որ դա ընդհանրապես կուսակցություն չէ, իմ կարծիքով, դա Հանրապետականի դուստր ձեռնարկությունն է։ Իրենք չեն առաջադրվի, որովհետև դրանով խոչընդոտներ են ստեղծելու իմ ճանապարհին, և այս ծրագիրը չի իրականանալու։
– Դուք դա համարո՞ւմ եք համաձայնություն ձեր ծրագրին, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն ձեր թիմում են։
– Միանշանակ։ Թիմում՝ ոչ թե ընտրությունները նկատի ունեմ, այլ հաղթանակից հետո իրենք իմ ապագա թիմում են լինելու։
– Իսկ իրենք տեղյա՞կ են այդ մասին։
– Իհարկե, տեղյակ են։ Հուլիսից ես բազմաթիվ ասուլիսներ եմ տվել, եթե իրենք էլ եկած չլինեին, նրանց շրջապատում կան մարդիկ, որոնք ասում են՝ եղբայր, անընդհատ քո անունն է հոլովում, և եթե իրենք էական հակաճառություն ունեին, իրենց դժվար չէր լրատվամիջոցներով պատասխանել։
– Դուք հիմա Հայաստանը համարո՞ւմ եք ծայրաստիճան վիճակում…
– Չէ, Սերժ Սարգսյանն է համարում։ Ես համարում եմ, որ այդ պահն անցել է։
-… և համարում եք, որ հայկական գենը պիտի հաղթի։
– Այո, այո։ Հանրապետական կուսակցության առաջնորդը նոյեմբեր-դեկտեմբերին արևմտյան փիառ արեց, չգիտեմ, ով էր դա նրան հուշել, շատ անհաջող ստացվեց։
– Ի՞նչ արտաքին քաղաքական կողմնորոշում ունեք և Հայաստանի համար ինչպիսի՞ կողմնորոշում եք պատկերացնում և ընդհանրապես Հայաստանի տեղը պատկանելության իմաստով։
– Իր տեղում՝ Սանասարի, Դավիթի, Մեծ Մհերի, Փոքր Մհերի գահին բազմած։ Եթե կարողանում ես քո երկիրը, տնտեսությունը հզորացնել, հարևաններն իրենք կգան ու կդիմեն, որպեսզի իրենց հետ բարեկամություն հաստատես։
– Հարևաններից ո՞վ, օրինակ։ Իվանիշվիլիի համար ասացիք, որ կփոշմանի։
– Այո, կփոշմանի, որովհետև դա մեր ընտրարշավի կոպիտ խախտում էր։
– Դա, կարծում եք, արվեց փիառի համար և թեկնածուներից մեկի օգտի՞ն էր։
– Իհարկե, որովհետև Իվանիշվիլին ինձ հետ չհանդիպեց կամ Բագրատյանի, կամ մեկ ուրիշի։
– Դուք մինչև առաջադրվելը կարող էիք դաշնակիցներ փնտրել հարևանների մոտ։
– Մինչև առաջադրվելը և առաջադրվելուց հետո թեկնածուներից ոմանք սկսեցին վազվզել տարբեր երկրների դեսպանատներ, ինչը շատ տգեղ էր։ Նույնիսկ մեկը հասավ մինչև Ֆրանսիայի նախագահի նստավայր։ Գուցե նախագահն իրեն խոստացել է արտգործնախարարի պաշտոնը։
– Ի դեպ, Րաֆֆի Հովհանիսյանի համար նախատեսո՞ւմ եք որևէ պաշտոն։
– Ե՞ս։ Այդ նոր ԱԺ-ն, որ ձևավորվելու է, 2/3-ը որևէ կուսակցություն չի ունենա, կստեղծվի դաշինք, կառաջադրեն իրենց վարչապետին, կառավարության կազմը։
– Դուք կառավարության կազմ չունե՞ք։
– Բացարձակապես հեռու եմ նման բաներից։ Կառավարության անդամները լինելու են այն մարդիկ, ովքեր արդար ընտրությունների միջոցով հայտնվում են ԱԺ-ում, ձևավորում են կառավարության կազմ, ներկայացնում են տնտեսության ծրագիրը։
– Դուք արտակարգ դեմոկրատական իրադրություն եք նկարագրում։ Չե՞ք վախենում, որ այդպիսի վարչապետը Ձեզ ուղղակի տապալի։
– Ես դա սովորել եմ սրբազան գրքերից, մեր էպոսից, Նոր կտակարանից, տարբեր կրոններից։ Նույնիսկ Աստված հնարեց սատանայի կերպարը, որպեսզի լինի այլընտրանք։
– Ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարը։ Դուք համաձա՞յն եք Մինսկի խմբի առաջարկած փաստաթղթերին։
– Մինսկի խումբը ոչինչ չի առաջարկում։ Ես մերժում եմ ոչ թե ՄԽ-ի առաջարկները, ինքը, որպես ինստիտուտ, թող լինի։ Ինձ համար անընդունելի է երեք նախկին նախագահների մոտեցումը Արցախի հարցի լուծմանը։ Արցախի շարժումն սկսվել է ՙՙՄիացումՙՙ կարգախոսով՝ դրանով ամեն ինչ ասված է։ Ես հռչակելում եմ Արցախը և պատերազմի ընթացքում ազատագրված բոլոր տարածքները ՀՀ-ի անբաժանելի մասը։
– Դուք կճանաչե՞ք Աբխազիան և Օսեթիան։
– Անպայման, դա իմ կետերից մեկն է լինելու։
– Ի պատասխան՝ Վրաստանը կխզի հարաբերությունները Հայաստանի հետ և կփակի սահմանը։ Որո՞նք են լինելու նախագահ Վարդան Սեդրակյանի գործողությունները և պատասխանը հայ ժողովրդին։
– Մենք ունենք Ցեղասպանության խնդիր, որը դնում ենք աշխարհի առաջ, և ամեն անգամ հարցը հասնում է ԱՄՆ-ի ամենավերջին ինստանցիաները, հետո փակվում է։ Նույնը Ֆրանսիան խաբեց մեզ շատ գեղեցիկ ձևով։ Նախագահը պետք է ունենա հարցի լուծման մի քանի տարբերակներ։
– Ո՞ւմ եք համարում ներքին թշնամի։
– Հայը չունի ներքին թշնամի։ Ես համարում եմ, որ ուժային մեթոդներով հնարավոր չէ հարց լուծել։
– Դուք հարցաքննվել եք Տիգրան Նաղդալյանի սպանության գործով։ Ինչո՞ւ։
– 2002թ. հունիս ամիսն էր, սրճարաններից մեկում խոսում էինք, այն ժամանակ շատ էր տարածված անիմացիոն տեսահոլովակը, որտեղ Վազգեն Սարգսյանը և նրա շրջապատն այլ կերպ էին ներկայացվում։ Խոսք գնաց, ես ասացի՝ այս երիտասարդն անցնում է սահմանը, և ասացի, որ եթե այսպես շարունակվի, մինչև այս տարվա վերջ իրեն կսպանեն։ Բնական է, այս խոսակցությունը հասել էր, և ինձ հրավիրեցին դատախազություն։ Իրենք գիտեն, որ ես որևէ կապ չեմ կարող ունենալ։ Դա հարցաքննություն չէր, ավելի շուտ՝ զրույց։
– Պրն Սեդրակյան, գո՞հ եք այն հնարավորություններից, որ իշխանություններն ընձեռում են թեկնածուներին հավասար պայմաններով ներկայանալու համար։
– Դա խաբուսիկ է։ Իրականում դու հանդիպման մասին նախապես տեղեկացնում ես տեղական ինքնակառավարման մարմիններին, գնում ես, և որևէ մեկը չկա։ Ներքին հրահանգ կա։ Սա ծիծաղելի է, աբսուրդ է։
– Ինչպե՞ս եք պատրաստվում ճեղքել այդ արգելքները։
– Ես մի մեծ հաղթաթուղթ ունեմ՝ մեր իշխանությունները միաբևեռ են, այս կուսակցությունն իր առաջնորդների հետ ոչնչանալու է։ Ֆիզիկապես չեմ ասում։
– Ասում են՝ ամեն ընտրություն ունենում է ինտրիգ, անակնկալ։ Այս ընտրությունների հայտնությունը Դուք եք, որպես էպոսագետ։ Շատերը փորձեցին Ձեզ կապել հատուկ ծառայությունների կողմից ներդրված լինելու վարկածին։ Ինչպե՞ս եք վերաբերվում սրան։
– Ուզո՞ւմ եք վերջինն ասեմ, այսօր եմ իմացել՝ ես խնամիական կապերի մեջ եմ Սերժ Սարգսյանի հետ։
– Ձեզ հաջողություն, պարոն Սեդրակյան։







































