Չինաստանի իշխանությունները չինական նոր տարվա նախաշեմին արգելել են հրավառության համար նախատեսված նյութերի վաճառքը, որոնց անվանումը հակաճապոնական բնույթ է կրում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով հրավառության նյութեր արտադրողի ներկայացուցիչներին:
Պաշտոնական Պեկինը կարծում է, որ նման ապրանքները կարող են փչացնել երկու երկրների հարաբերությունները, որոնք առանց այդ էլ լարված են Արևելաչինական ծովում գտնվող վիճելի կղզիների պատճառով:
Մասնավորապես, արգելքի տակ է հայտնվել «Մեծ պայթյուն Տոկիոյում» անվանված հրավառությունը, որն արտադրել է Պեկինի Doudou Fireworks ընկերությունը: Ոստիկանությունը խանութներից առգրավել է նաև «Ես սիրում եմ Դյաոյույդաո» անվանմամբ ապրանքները:
Նշենք, որ այս երկու երկրներից բացի, կղզիներին հավակնում է նաև Թայվանը:








































