Քաղաքական կուսակցությունների մասին թուրքական օրենքի դրույթը, որը արգելում է թուրքերենից բացի՝ ցանկացած լեզվի կիրառումը քաղաքական միջոցառումների անցկացման ժամանակ, երկրի Սահմանադրական դատարանի կողմից կասեցվել է: Այս մասին հայտնում է MK-Turkey-ը:
Այսուհետ կուսակցական հանդիպումները, հանրահավաքներն ու այլ միջոցառումներ կանցկացվեն այն լեզվով, որը հարմար կլինի մասնակիցների համար: Սահմանադրական դատարանը թույլ է տվել նաև ցանկացած լեզվով ցուցապաստառներ ունենալ:
Սա լավ նորություն է, առաջին հերթին՝ քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համար, որի անդամների մեծ մասի դեմ նմանօինակ խախտումների համար մեղադրանքներ էին առաջադրվել: Դրույթի կասեցմամբ կփակվեն նաև դրա շրջանակում անցկացվող դատական գործընթացները:
Սահմանադրական դատարանը դրույթը կասեցրել է անցած տարվա հուլիսին՝ կուսակցության անդամների կողմից բողոքարկման դիմում ստանալուց հետո, սակայն հրամանը նոր է ուժի մեջ մտել:









































