Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության հերթական գագաթնաժողովը: Միջոցառման մասնակիցների հիմնական խնդիրն է համաձայնություն ձեռք բերել 2014-2020թթ. ԵՄ-ի բյուջեի վերաբերյալ, հաղորդում է Vesti-ն:
Հիմնական տարաձայնությունները վերաբերում են մոտակա յոթ տարիների ընթացքում ԵՄ ծախսերի կրճատման հարցին: ԵՄ անդամ երկրներ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Նիդեռլանդները պնդում են կրճատել ծախսերը: Հակառակ դեպքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նույնիսկ սպառնում է դուրս գալ Եվրամիությունից: Նա պահանջում է բյուջեն կրճատել մինչև 900 միլիարդ եվրո:
Գագաթնաժողովի բացման նախօրեին Քեմերոնը բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ:
Այնուհետև նա առանձին հանդիպումներ է ունեցել Դանիայի, Շվեդիայի և Նիդեռլանդների գործընկերների հետ: Նրանք բոլորը համամիտ են Քեմերոնի՝ տնտեսման հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին հայացքներին:
Բևեռի մյուս կողմում են հարավային Եվրոպայի շահերը՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, որը կողմ է ծախսերի ավելի բարձր մակարդակի:
Լեհաստանը հանդես է գալիս ԵՄ խնդրահարույց երկրներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու օգտին: Այդ դիրքորոշումն ունեն ԵՄ 15 պետություններ, այդ թվում՝ Հունաստանը, Իսպանիան և Պորտուգալիան:











































