ՀՅԴ-ի առաջարկած 7 կետերի շուրջ բանակցությունները կշարունակվեն ընտրություններից հետո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այդ հարցի շուրջ անցկացված բանակցություններին:
Նա նշեց, որ այն 7 կետերը, որոնց շուրջ միասնական թեկնածու էին փորձում ձևավորել, դեռևս օրակարգում է: Բանախոսը փաստեց, որ գործընթացը շեղվեց և այլ ընթացք ստացավ, քաղաքական ուժերը չունեցան բավարար չափով համբերություն՝ ավարտելու արդեն իսկ սկսված բանակցությունները և անցնելու նոր օրակարգի հաջորդ՝ միասնական թեկնածուի հարցին:
Նրա խոսքով՝ շատերն առաջ ընկնելով, ուղղակի չպատկերացնելով, որ կարող է այլ թեկնածու լինել, ասացին, որ ընդունում են յոթ կետը և հայտարարեցին, թե թեկնածու են ունենալու: Այս դեպքում, քաղաքական գործչի համոզմամբ, շարունակելը դառնում է շատ դժվար: «Բայց կանցնեն այս ընտրությունները, և պայքարը կշարունակվի»,- հստակեցրեց Վահան Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հնարավոր զարգացումներին՝ նա ասաց, որ նոր վերադասավորումներ կլինեն: «Պարզ է, որ նոր կոալիցիա կկազմվի, քաղաքական դաշինքներ կլինեն, ինչը հստակ դժվար է կանխատեսել: Երբ յուրաքանչյուր թեկնածու միասնական թեկնածու ասելով նկատի ունի, որ միավորվելու են իր շուրջը, ամեն ինչ գլորվում է ձորը: Չկա մեկը, որն ասի, թե հօգուտ այս մարդու պատրաստ է հանել թեկնածությունը»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































