Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական կայքը։
Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ քննարկումների ընթացքում Բրոքը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին. «Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական ուղերձից հետո նոր դրական զարգացումներ ենք ակնկալում»։
Ի պատասխան այս խոսքերի՝ Չիչեքը հիշեցրել է, որ Հայաստանի նախագահը Ազգային ժողովից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները, ինչը վնաս է հասցրել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Գերմանացի դիվանագետը պնդել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հարմար առիթ է մտածելու և առաջ քայլ կատարելու համար, որին Թուրքիայի խորհրդարանի նախագահը պատասխանել է, թե խորհրդարանը չի կարող գնահատական տալ պատմական իրադարձություններին։
Բրոքը վերջում կրկնել է իր խոսքերն ու ընդգծել, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն քաղաքականության, այլ նաև խղճի հարց է։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Եվրախորհրդարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կոչ է արել ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսել ԵՄ ինստիտուտներին՝ նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Այս ձևակերպումը տեղ է գտել Եվրախորհրդարանի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի տարեկան զեկույցում։











































