Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից՝ այդ տարիներին Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար, «Միություն և առաջադիմություն» կուսակցության փաստացի առաջնորդ Մեհմեթ Թալեաթ բեյի մահվան 94-րդ տարելիցի առթիվ մարտի 15-ին երիտթուրք ոճրագործի շիրմին այցելած վերջինիս զարմիկը՝ Ահմեթ Ալթայը, թուրքական «Վաթան» թերթի հետ զրույցում ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը։
«Ես չեմ հավատում, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Այս սուտն արդեն 100 տարի շարունակ մենք լսում ենք։ Եկե՛ք մտածենք, տրամաբանենք։ Ասում են, որ 1915 թվականին 1.5 միլիոն հայ է սպանվել։ Սակայն հայերին ցեղասպանելը ֆիզիկապես հնարավոր չէր։
Եղել է տեղահանություն։ Օրինակ՝ դեպի Սիրիա 480 հազար տեղահանված հայերից Սիրիա է հասել 450 հազարը։ Մնացածը մահացել են կա՛մ ավազակախմբերի հարձակումներից, կա՛մ ուժասպառ լինելուց։
Ցավում եմ, որ այդ շրջանում տեղի ունեցած բոլոր բացասական իրադարձությունների համար մեղադրում են Թալեաթ փաշային։ Այս քայլով, ասես, ինքներս մեզ մեջքից հարված ենք հասցնում»,- ասել է Թալեաթի զարմիկը։
Հիշեցնենք, որ 1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է «Նեմեսիս» գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին։









































