Հունաստանը 2012թ. Եվրոպայի ամենաթանկ երկիրն է, չնայած Հունաստանի զարգացման նախարարությունը գրանցել է սպառողական գների ինդեքսում հաշվարկվող ապրանքների մեծ մասի գնաճի դանդաղում, գրում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով «Նավթէմբորիկի» գործարար տեղեկատվության կայքին:
Պարբերականի փոխանցմամբ՝ Հունաստանի զարգացման նախարարի տեղակալ Աֆանասիոս Սկորդասը բացատրել է, թե ինչու վեց տարի շարունակ ռեցեսիայում գտնվող Հունաստանում գները պահպանվում են շատ բարձր մակարդակում, որը հասանելի չէ քաղաքացիների մեծ մասի համար, սակայն հայտնել է, որ եթե էլեկտրաէներգիայի ու վառելիքի գները չաճեին 27%-ով, ապա ինֆլյացիան 2012թ. կլիներ բացասական:
Նա ենթադրում է, սակայն, որ ընդհանուր միտումը արտացոլում է գների աճի դանդաղում: «Միտումն ուղղված է ներքև, սակայն քաղաքացիները չպետք է ակնկալեն գների նվազման այնպիսի մակարդակ, ինչպիսին նրանց եկամուտների նվազումն է: Դա տեղի չի ունենում աշխարհի ոչ մի երկրում, ոչ էլ Հունասանում»,- ասել է Սկորդասը:
Նա հայտնել է նաև, որ միջինը 0,54%-ով գները նվազել են «Սննդամթերք ու ոչ ալկոհոլային ըմպելիքներ» անվանակարգում, և Հունաստանը միակ երկիրն է ԵՄ-ում, որտեղ 2012թ. մթերքն էժանացել է:
Միևնույն ժամանակ, այդ անվանակարգում գրանցվել է ձվի, յոգուրտի, ֆետա պանրի, խոզի մսի, ձկան ու պահածոյացված մսի գնաճ:







































