Ցածր ինտենսիվության հակամարտությունը հարավային Կովկասում, որը ներառում է Հայաստանի և Ադրբեջանի նորանկախ ժողովուրդներին, վերջին շրջանում սրվում է։ Դա վերաբերում է դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն առաջ է եկել Խորհրդային միության փլուզումից հետո, Journal Pioneer-ում գրել է արքայազն Էդուարդի կղզու համալսարանի քաղաքական գիտությունների հարցերով պրոֆեսոր Հենրի Սրեբրնիկը։
Հայաստանն ու Ադրբեջանը եղել են լիիրավ խորհրդային հանրապետություններ նախկին ԽՍՀՄ-ում, այնինչ Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանում մեծապես հայերով բնակեցված անկլավ՝ ինքնավար մարզի կարգավիճակով։
Ըստ բրիտանացի ակադեմիկոս Ռոբերտ Սերվիսի՝ 1921 թվականին Իոսիֆ Ստալինը տարածքը ներառել է Ադրբեջանի հսկողության տակ՝ փորձելով և համոզելով Թուրքիային՝ միանալու Խորհրդային միությանը։ Եթե խնդիրը Թուրքիան չլիներ, Ստալինը հավանաբար կթողներ այն հայկական վերահսկողության ներքո, գրում է Սրեբրնիկը։
1920-ականներին, երբ ամբողջ Կովկասը Խորհրդային միության հաստատուն վերահսկողության տակ էր, տարածաշրջանի համար հակամարությունը հանդարտվեց տասնամյակներ, սակայն 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Խորհրդային միության կազմալուծման մեկնարկի հետ, Լեռնային Ղարաբաղի հարցը կրկին ի հայտ եկավ։
Երբ Խորհրդային միությունը փլուզվեց, միայն միության հանրապետությունները միջազգային ճանաչում ստացան որպես անկախ պետություններ։ Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղը, մի շարք այլ խորհրդային սուբյեկտներ, ինչպիսիք են Չեչնիան, Մոլդովան, Հարավային Օսիան և Մերձդնեստրը, հաջողությունից դուրս մնացին։
1991 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության խորհրդարանը վերացրեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակը, և դրա տարածքը բաժանվեց ու վերաբաշխվեց Ադրբեջանի հարակից վարչական շրջանների միջև։
Իրենց հերթին, տարածաշրջանի հայերը, ովքեր կազմում են դրա բնակչության երեք քառորդը, 1991 թվականին անկախություն հռչակեցին և այնուհետև Հայաստանի օգնությամբ պարտության մատնեցին Ադրբեջանին պատերազմում, որը տևեց մինչև 1994 թվականը։
Նոր սուբյեկտը կռվի ժամանակ ստացավ հավելյալ տարածք՝ արհամարհելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը միջազգային սահմանների անձեռնմխելիության և տարածքի ձեռքբերման համար ուժի կիրառման անթույլատրելիության մասին։
Հայաստանն այժմ արդյունավետորեն վերահսկում է Ղարաբաղից արևմուտք և հյուսիս ընկած նեղ հողաշերտերը՝ տալով չճանաչված պետության անմիջական սահմաններն են իր հովանավոր Հայաստանի հետ, ինչպես նաև Իրանի։
Մոտ 15000-20000 մարդ, այդ թվում՝ քաղաքացական անձինք, սպանվել են կռվի ժամանակ, և հարյուր հազարավորները տեղահանվել։ Այսօր Լեռնային Ղարաբաղը գրեթե ամբողջովին հայերով է բնակեցված։
Դրանից զատ՝ քրիստոնյա հայերն ու մուսուլման ադրբեջանցիները լարված հարաբերությւոններ են ունեցել, ներառյալ՝ արյունոտ ջարդեր, որոնք նախորդում են խորհրդային ժամանակներին։ Երկու երկրներն այժմ կառուցել են զինանոցներ՝ ավելի հզոր զենքերով, և հունվարին նրանց միջև մարտական ործողությունների աճ է դիտվել՝ կրկնվող փոխհրաձգություններով, հրետանային համազարկով ու հրթիռակոծությամբ։
Ադրբեջանը նաև անօդաչու է խոցել Աղդամից ոչ հեռու. նախկին «ադրբեջանական քաղաք, որն այժմ օկուպացված է հայկական զորքերի կողմից»։
Հայաստանից 7 անգամ ավելի մեծ տնտեսություն ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ծրագրում է այս տարի Հայաստանի տարեկան բյուջեից ավելի քան կրկնակի՝ 2.7 մլրդ դոլար ծախսել իր զորքերի ուժեղացման վրա։
Ալիևը նաև հիշատակել է ազդեցիկ հայկական սփյուռքի մասին, որը ձևավորվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո, երբ Օսմանյան կայսրությունում ապրող հարյուր հազարավոր հայերի թուրքերը կոտորեցին, մյուսները փախուստի դիմեցին։
Այսօր աշխարհում կան խոշոր հայկական համայնքներ, ներառյալ՝ Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։
«Ճշմարտությունն այն է, որ մեր հողերի շարունակվող օկուպացիան միայն Հայաստանի գործը չէ,- նշել է Ալիևը։- Հայաստանն անզոր և աղքատ երկիր է։ Այն անհույս վիճակում է։ Իհարկե, եթե այն տարբեր մայրաքաղաքներում չունենար խոշոր հովանավորներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղուց լուծված կլիներ»։
Ոչ մի կողմը կարծես պատրաստ չէ հետքայլ կատարել։ Ինչպես New York Times-ի հետ զրույցում ասել է Աբդուլլա Քուրբանին՝ Ադրբեջանի ՊՆ ավագ պաշտոնյան, «երբ ջուրը խառնվում է հողին, դա ցեխ է։ Երբ արյունը խառնվում է հողին, դա հայրենիք է»։
Լեռնային Ղարաբաղի չլուծված կարգավիճակը մնում է առավել պայթյունավտնագ հարցերից մեկը հարավկովկասյան անկայուն տարածաշրջանում, եզրափակում է հոդվածագիրը։
Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը








































