Sony և MGM ստուդիաները համաձայնել են Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում զգալի փոփոխություններ կատարել, որպեսզի մեքսիկական իշխանություններից 20 միլիոն դոլարի սուբսիդիա ստանան: Համապատասխան տեղեկատվությունը 2014 թ. նոյեմբերին ցանցահենների կողմից կոտրված ընկերությունների հաղորդագրությունների կայքերի հղումով հրապարակվել է Tax Analysts պորտալում:
Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ 007 գործակալի մասին 24-րդ ֆիլմի պրոդյուսերները բախվել են գերածախսի հետ և ստիպված են եղել այն կրճատելու նպատակով դիմել ցանկացած քայլի:
Բյուջեի կրճատման վերաբերյալ փաստաթղթերը պրոդյուսերական թիմին ուղարկել է MGM ստուդիայի կինոդեպարտամենտի տնօրեն Ջոնաթան Գլիկմանը: Նրա խոսքերով՝ «007. սպեկտր»-ի ծախսերն ավելի քան 300 միլիոն դոլար են կազմում, որը պետք է կրճատվի մինչև 250 միլիոն դոլարը:
Ստուդիայի ծախսերը կրճատելու մեթոդներից Գլիկմանը նշել է մեքսիկական իշխանությունների հետ գործարքը, որի համաձայն որոշ պահանջներ կատարելու դիմաց ֆիլմը 14 միլիոն դոլարի չափով սուբսիդավորում կստանա:
Գլիկմանի նամակում նշվում են այն փոփոխությունները, որոնց ֆիլմը պետք է ենթարկվի մեքսիկական սուբսիդավորման դիմաց:
MGM կինոդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ ֆիլմում մեքսիկական ժամանակակից ճարտարապետական նմուշների հայտնվելը ֆիլմին ևս 6 միլիոն դոլար կբերեն: Նամակում շեշտվում է նաև մեքսիկական տեսարանների տևողությունը, որը 4 րոպե պետք է կազմի:











































