Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրն իրար ետևից նախագահական նստավայրում ընդունեց արտախորհրդարանական և խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ քննարկելու սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Սարգսյանը, սակայն, ոչ բոլոր քաղաքական ուժերին է հրավեր ուղարկել: Խորհրդարանական ուժերից ընդդիմադիր ՀԱԿ-ն, օրինակ, որևէ հրավեր չի ստացել, չեն հրավիրվել նաև եռյակին միացած որոշ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, որոնք առանձնակի դեմ էլ չեն արտահայտվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեպետ չքննադատեց Բաղրամյան-26 գնացած քաղաքական ուժերին, այդուհանդերձ՝ ընդգծեց, որ հանդիպման որևէ հրավեր ինքն ու իր կուսակցությունը չեն ստացել։ «Ոչ ստացել եմ, ոչ էլ քննարկելու ցանկություն ունեմ»,- ասաց Կարապետյանը:
Հարցին՝ դե՞մ է սահմանադրական բարեփոխումներին առհասարա՞կ, թե՞ պարզապես պատճառն այն է, որ այն ներկայացնում է Սերժ Սարգսյանը, Կարապետյանը պատասխանեց, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին և դրանք քննարկելու պատճառ չունի։ «Ես իմ դիրքորոշումն այդ բարեփոխումների վերաբերյալ հայտնել եմ, եթե հրավեր էլ ստանամ՝ չեմ մասնակցի»,- ասաց նա:
Եռյակին աջակցող քաղաքական մյուս ուժերը՝ Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգությունը», Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնությունը» ևս սահմանադրական բարեփոխումները քննարկելու վերաբերյալ հրավեր չեն ստացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արամ Հարությունյանն ընդգծեց, որ ինքը մերժել է Սարգսյանի՝ Անկախության օրվա առթիվ արված հրավերը. «Կարծում եմ՝ նախագահականում այնքան խելք ունեն, որ մեզ չհրավիրեն: Ես անգամ Անկախության օրվա առիթով նախագահականի արած հրավերն եմ մերժել, կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը լուրջ սպառնալիք է մեր երկրի անկախության համար»,- ընդգծեց Հարությունյանը:
Ակնարկելով Բաղրամյան-26 գնացած մյուս քաղաքական ուժերին՝ Արամ Հարությունյանն ասաց. «Չեմ ուզում վիրավորել կամ մեղադրել, բայց կարծես որբացած քաղաքական ուժերը «պապա» են ման գալիս՝ արևի տակ ինչ-որ տեղ գտնելու համար»:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը մասնակցելու որևէ հրավեր Բաղրամյան 26-ից չի ստացել նաև ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը:










































