ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակում են մնալ աշխարհում սովորական սպառազինությունների հիմնական տեսակների խոշորագույն արտահանողները։ Այս մասին հայտնում է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI)՝ կապված 2010-2014թթ. սովորական սպառազինության հիմնական տեսակների և ռազմական սարքավորումների մատակարարումների մասին տվյալների հրապարակման հետ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Համաձայն SIPRI-ի վարկանիշի՝ սպառազինության խոշորագույն մատակարարների հնգյակը շարունակում է գլխավորել ԱՄՆ-ը, որին բաժին է ընկնում զենքի համաշխարհային արտահանման 31 տոկոսը։ Նրա գլխավոր հաճախորդներն են Հարավային Կորեան, ԱՄԷ-ն և Ավստրալիան։
Ընդհանոր առմամբ՝ ԱՄՆ-ից սովորական սպառազինության հիմնական տեսակների մատակարարումները 2005-2009-ից 2010-14թթ. ժամանակահատվածում ավելացել են 23 տոկոսով։
Երկրորդ տեղում, ինչպես և նախկին հնգամյա շրջանի տվյալներով, Ռուսաստանն է։ Նրա մասնաբաժինը միջազգային արտահանման մեջ կազմում է 27 տոկոս։ Գլխավոր հաճախորդներն են Հնդկաստանը, Չինաստանն ու Ալժիրը։ Աճը 2005-2009-ից 2010-2014թթ. կազմել է 37 տոկոս։
Առաջին անգամ եռյակում է Չինաստանը, որին բաժին է ընկնում համաշխարհային մատակարարումների 5 տոկոսը։ Երրորդ հորիզոնականում այն փոխարինել է Գերմանիային (5 %)։ Հնգյակը եզրափակում է Ֆրանսիան (5%)։
Այդ 5 երկրների մատակարարումները միասին կազմել են գլոբալ ծավալի 74 տոկոսը։ Ընդհանուր առմամբ միջազգային մատակարարումները 2010-2014թթ., նախորդ հնգամյա ժամկետի համեմատ, ավելացել են 16 տոկոսով։
ԵՄ երկրներից արտահանումը 16 տոկոսով նվազել է։
Զենքի 5 խոշոր ստացողների ցուցակը գլխավորել է Հնդկաստանը (15%), Սաուդյան Արաբիան (5%), Չինաստանը (5%), ԱՄԷ-ն (4%) և Պակիստանը (4%)։








































