Սիրիայում քաղաքացիական պատերազմի չորս տարիների ընաթացքում զոհվել է ավելի քան 215 հազար մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների վերահսկման սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանին:
Նրա խոսքով` զոհվածներից ավելի քան 66 հազարը խաղաղ բնակիչներ են: Միայն փետրվարի սկզբից Սիրիայում բռնի գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 5000 մարդ:
Սիրիացի իրավապաշտպանների տվյալները հիմնված են տեղեկատվության վրա, որը նրանք ստացել են Սիրիայում գործող սեփական ակտիվիստների հետախուզական ցանցից: Միևնույն ժամանակ շատ բարդ է ստուգել այդ տվյալների իսկությունը` նշում է գործակալությունը:
Բարեգործական կազմակերպությունների տվյալներով` երկրում զոհերի թիվը գերազանցում է 220 հազարը:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունը սկսվել է 2011թ. մարտին երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ զանգվածային բողոքի ցույցերից հետո: Որոշ ժամանակ անց Ալ-Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները վերաճում են քաղաքացիական պատերազմի:








































