Ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պայքարի գործում Ադրբեջանը եղել է ԿՀՎ-ի կողմից գաղտնի կալանավորվածների համար կարևոր կանգառ: Այս մասին ասվում է Նյու Յորքում տեղակայված «Բաց հասարակություն» հիմնադրամի «Բաց արդարություն» նախաձեռնության զեկույցում, որն առաջին համապարփակ հայացքն է ձգում մարդու իրավունքների խախտումների վրա ՝ ահաբեկչության մեջ կասկածվողների գաղտնի ձերբակալությունների և արտահանձնումների ամերիկյան պրակտիկայի ներքո: Այս մասին հայտնում է Eurasianet.org-ը:
«Գլոբալացվող խոշտանգումներ» զեկույցում ներկայացվում է, թե ինչպես է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ը ապավինել աշխարհի երկրներին՝ հանուն ԿՀՎ-ի կողմից ահաբեկչության մեջ կասկածվողներին վերաբերող հարցերի լուծման:
Ադրբեջանն ու Վրաստանը այն 54 երկրների շարքում են, որոնք համագործակցել են այդ օպերացիաներում:
Համաձայն զեկույցի՝ ԿՀՎ-ի հետ կապ ունեցող օդանավը 2001-2005թթ. 76 անգամ վայրէջք է կատարել Բաքվում: Ադրբեջանի իշխանությունները «ձերբակալություններ» են իրականացրել և ձերբակալվածներին հանձնել ԿՀՎ-ին:
Զեկույցում չի նշվում՝ կալանքի տակ գտնվողներին Վրաստանում և Ադրբեջանում խոշտանգումների ենթարկե՞լ են, թե՞ ոչ, սակայն մարդու իրավունքների ակտիվիստները հիշեցնում են այդ երկրների՝ բանտային խոշտանգումներով տխրահռչակ լինելու մասին: