Երեկ ուշ երեկոյան Վերին Արտաշատ կանչի մեկնած Արտաշատի շտապօգնության մեքենայի վթարի արդյունքում տեղում մահացել է բժիշկ Կարապետ Գրիգորյանը։
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից խորապես ցավում են ողբերգական պատահարի համար և վշտակցություն հայտնում մասնագիտական իր պարտականությունները կատարելու ընթացքում մահկանացուն կնքած բժշկի հարազատներին ու մերձավորներին։
Կանչի դուրս եկած շտապօգնության երկրորդ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, ուր ստացել են առաջին բուժօգնությունը։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը և բուժքույրը այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լայնածավալ հետազոտությունների են ենթարկվում։
Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ հիվանդանոցում է գտնվում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։
Կազմակերպվում է նաև վարորդի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։








































