ՌԴ նախագահ Պուտինի շուրջ ստեղծված հանրային իրավիճակի, ենթադրությունների, պնդումների, բամբասանքների, վարկածների մթնոլորտը ավելի է թեժանում նրա, այսպես ասած, հանրային աչքից հեռու գտնվելու ամեն մի ժամի հետ մեկտեղ: Հրապարակվում են ամենատարբեր վարկածներ, թե ինչ կարող է պատահած լինել ՌԴ նախագահ Պուտինին, որը ստիպել է նրան մարտի 5-ից ի վեր չհայտնվել ասպարեզում և հետաձգել մի շարք հայտարարված կարևոր հանդիպումներ: Եվ որքան ձգվում է այս վիճակը, այնքան, իհարկե, կասկածներն ու վարկածները դառնում են ավելի ու ավելի ճշմարտանման: Սակայն այս ամենում իհարկե կա մի կարևոր հանգամանք, որը բնականաբար պետք է ուշադրության արժանանա առաջին հերթին:
Եթե Պուտինի հետ ինչ-որ բան իսկապես այն չէ, իսկ հույս ունենանք, որ դա առաջիկայում այնուամենայնիվ կորոշակիանա, ապա սա նշանակում է գլոբալ փոփոխություններ Ռուսաստանում, ըստ էության, նոր իշխանություն, նոր հարաբերություններ բոլորի հետ, նոր մոտեցումներ, Արևմուտք-Ռուսաստան տիրույթում նոր իրավիճակ:
Եվ այդ նորը բնականաբար առնչվելու է նաև Հայաստանին, Հայաստանի հետ կապված խնդիրներին: Մենք չգիտենք, թե ինչպիսին կարող է լինել այդ նորը, կարող է լինել ավելի մեղմ, ավելի կոշտ, ավելի լավը կամ վատ: Ռուսաստանի իշխանությունը բազմաշերտ է և դժվար է ասել, թե այս կամ այն դեպքում որ շերտը կլինի Պուտինի փոխարինողի դերում: Եվ սա առավել ևս սրում է այդ վերը բերված կարևոր հանգամանքը՝ Ռուսաստանում փոփոխություններին պատրաստակամությունը, որի հրամայականը պետք է գերակա լինի Հայաստանում ոչ միայն այս օրերին, այլև միշտ՝ հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունն ընդհանրապես: Սակայն այս օրերին հատկապես, նկատի ունենալով այն աժիոտաժը, որ կա Պուտինի անձի հետ կապված:
Այս աժիոտաժը Հայաստանում, հետաքրքրասիրություն և երևակայություն գրգռելուց զատ և դրանից առաջ, պետք է բարձրացնի Ռուսաստանում նոր իրադարձությունների, նոր բովանդակության և մոտեցումների պատրաստ լինելու հարցը: Որքանո՞վ են Հայաստանում պատրաստ նմանօրինակ զարգացումների, այսպես ասած, առանց Պուտինի Ռուսաստանի, հետպուտինյան Ռուսաստանի, կամ նույնիսկ Պուտինի՝ պարզապես դեկորատիվ կարգավիճակով նախագահությամբ Ռուսաստանի, ինչն ըստ էության ևս շատ հավանական զարգացում կարող է լինել, եթե արդարանում են նրա վատառողջության մասին տեղեկությունները:
Հայաստանը իրավունք չունի չտնօրինել այս կապակցությամբ մի շարք սցենարային տարբերակներ, չպատրաստել տարբերակներ այս կամ այն դեպքում քայլերի, Ռուսաստանի և՛ իշխանական, և՛ զինվորական, և՛ քաղաքական տարբեր շրջանակների հետ անմիջապես, անհապաղ աշխատանքների սցենարներ, ըստ որում՝ անկախ այն բանից, թե ինչպիսի իշխանություն կձևավորվի Ռուսաստանում:
Նմանօրինակ իրավիճակը Հայաստանի համար և՛ հնարավորություն է, և՛ մարտահրավեր: Հնարավորություն է՝ վերջապես փոխելու հայ-ռուսական հարաբերությունների բնույթը վերից վար և կառուցելու իսկապես առողջ հարաբերություններ, պետական, գործընկերային հարաբերություններ: Մարտահրավեր է, եթե Հայաստանը պատրաստ չլինի Ռուսաստանում մեծ կամ փոքր որևէ փոփոխության, չլինի ադեկվատ այդ ամենին: Այդ դեպքում Հայաստանը կդառնա ռուսաստանյան փոփոխությունների զոհը՝ շահառուն դառնալու փոխարեն: Ընդ որում՝ խնդիրը գեթ ներռուսաստանյան փոփոխություններին պատրաստվելը չէ, քանի որ եթե Ռուսաստանում տեղի ունենան նմանօրինակ մասշտաբային փոփոխություններ, ապա, անկասկած, դրանք ազդելու են նաև առաջին հերթին մեր անմիջական հարևան պետությունների գործողությունների վրա, որոնց ևս պարտավոր ենք պատրաստ լինել մի քանի սցենարով:
Ներկայիս իրավիճակը պետք է Հայաստանում սրի հենց այս հարցերը՝ անկախ այն ամենից, թե վերջում ինչ կպարզվի Պուտինի մասին: Մեր ջանքերը կարող են ավելորդ լինել, դա ողբերգություն չէ, ողբերգություն կամ աղետ կլինի, եթե վերջում պարզվի, որ մեր ջանքերը պակաս են եղել, ջանքեր չեն եղել:
Լուսանկարը` PAN Photo-ի










































