Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Աշոտ Մնացականյանի և Արսեն Մաթևոսյանի գործի դատական քննությունը:
41-ամյա Աշոտ Մնացականյանը և 34-ամյա Արսեն Մաթևոսյանը մեղադրվում են խմբի կազմում խուլիգանական դրդումներով սպանության փորձ և որպես զենք օգտագործված առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 258 հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետերով:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 20-ն անց 40-ի սահմաններում Վաղարշյան փողոցում գործող «Պարմա» առևտրի կենտրոնի մոտ ամբաստանյալները հանդիպել են տուժող Արմեն Փ.-ի հետ, որպեսզի պարզաբանեն, թե ինչու է Արմենը զանգահարել իր նախկին կնոջը՝ Աշոտ Մնացականյանի ընկերուհի Նոնային (անունը փոխված է):
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Փ.-ն ու նրա նախկին կին Նոնան ամուսնալուծվել են: Արմենը նորից է ամուսնացել, մեկնել է ԱՄՆ:
Դեպքից առաջ նա եկել է Հայաստան, ցանկացել է հանդիպել Նոնային:
Գնացել է Նոնայի շենքի մոտ, տեսել է, որ Նոնան իջնում է Աշոտ Մնացականյանի մեքենայից: Արմենը երկու անգամ զանգել է նախկին կնոջը: Երկրորդ անգամ զանգին պատասխանել է Աշոտ Մնացականյանը:
Վերջինս պարզել է, թե ով է զանգողը, և «Պարմա» առևտրի կենտրոնի մոտ տեղի է ունեցել Արմեն Փ.-ի հետ հանդիպումը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ առևտրի կենտրոնի մոտ Աշոտը, Արսենը, ևս երեք հոգի՝ խմբի կազմում, հայհոյանքներ են տվել Արմեն Փ.-ի հասցեին, որպես զենք օգտագործված առարկաների գործադրմամբ՝ բռունցքներով, ոտքերով, ձեռքերով, սուր ծակող գործիքով սպանելու դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել տուժողին, մինչև որ նա կորցրել է գիտակցությունը:
Այդ հանգամանքը, ինչպես նաև առևտրի կենտրոնի հաճախորդների դիմադրությունը պատճառ են դարձել, որ խմբի անդամները դիմեն փախուստի և իրենց կամքից անկախ՝ սպանությունն ավարտին չհասցնեն՝ ըստ մեղադրանքի:
Մեղադրական եզրակացության ձևակերպմամբ՝ ամբաստանյալները, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով ու լրացնելով՝ հարվածներ են հասցրել տուժողին, գոռացել են, թե սպանում են նրան:
Երբ տուժողը, արնաքամ լինելով, փորձել է մտնել առևտրի կենտրոն ու փրկվել, ամբաստանյալների ընկերներից մեկը հետևից բռնել է տուժողին, իսկ Արսեն Մաթևոսյանը հյութով լի ապակե շշով հետևից հարվածել է տուժողի գլխին:
Շիշը ջարդվել է, տուժողը այդ հարվածից վնասվածքներ է ստացել ու վայր է ընկել:
Մաթևոսյանը, ըստ մեղադրանքի, ոտքերով հարվածել է ընկածին ու գոռացել է՝ մեռի:
Դատական նիստին, ինչպես նախորդ նիստերին, ներկա չէր 38-ամյա տուժողը: Նրա ներկայացուցիչ, փաստաբան Մելքոնյանը բժշկական տեղեկանք ներկայացրեց, ըստ որ՝ Արմեն Փ.-ն մեկ օր առաջ ենթարկվել է հերթական վիրահատության՝ կապված դեպքի ժամանակ ստացած վնասվածքների հետ:
Ըստ տուժողի ներկայացուցչի՝ դեպքի ժամանակ «Պարմա» առևտրի կենտրոնի մուտքի մոտ, մարդկանց աչքի առաջ Արմեն Փ.-ն ստացել է 17 վնասվածք, որոնցից 9-ը՝ թափանցող: «Նրա աղիքները դուրս են թափվել… Օգնության հասած քաղաքացին աղիքները գետնից հավաքել, տեղն է լցրել… Դեպքից հետո տուժողը շաքարային հիվանդություն է ստացել, նրա վերքերը չեն ապաքինվում, անընդհատ թարախակալվում են: Նա բազմաթիվ վիրահատություններ է տարել, մի քանիսը՝ արտերկրում…»:
Ընդ որում՝ հենց դեպքի օրը ծնվել է տուժողի երեխան…
Տուժողի ներկայացուցիչն ասաց, թե սարսափելի է անգամ դեպքի տեսանկարահանված կադրերը նայելը: Դեպքը տեսանկարահանվել է խանութի տեսախցիկների կողմից:
Ըստ Ա. Մելքոնյանի՝ սարսափելին այն է նաև, որ դեպքի պահին խանութի աշխատողներն ու հաճախորդները, ում տեսանելի է եղել, որ մի մարդուն խմբով ծեծում-սպանում են, շարունակել են առևտուրը:
Խանութի հաճախորդներից վրա է հասել ու տուժողին փրկել է մեկ քաղաքացի, ում տուժողը իր փրկարարն է համարում: Տուժողի ներկայացուցիչն ասաց, որ այդ քաղաքացին Տարոն Բաղդասարյանն է, ով ներկայումս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալն է: Նա միջամտել է, ինքն էլ է հարված ստացել, նրա միջամտության արդյունքում է տուժողը փրկվել:
Տարոն Բաղդասարյանը դեպքի պահին պատահաբար գտնվել է «Պարմա» առևտրի կենտրոնում, նա թոռնիկի հետ առևտուր էր անում… Տարոն Բաղդասարյանն այս գործով վկա է:
Այս դատական նիստին ևս միահամուռ կերպով դատարան չէին ներկայացել գործով բոլոր 18 վկաները: Ոմանց վերաբերյալ կային բերման ենթարկելու որոշումներ, բայց, միևնույնն է, ոչ ոք չէր հայտնաբերվել, ոչ ոք չէր ներկայացել ինքնուրույն կամ բերման չէր ենթարկվել: Վկաներից միայն վերը հիշատակված ոստիկանը՝ Տարոն Բաղդասարյանն էր դիմում ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով նիստին ներկայանալ չի կարող:
Դատարանին դիմում էր հղել նաև մի վկա կին ու հայտնել էր, թե չի կարող ներկայանալ դատարան, քանի որ Գյումրի է մեկնում պարբերաբար ու բուժվում է… հեքիմի մոտ:
Վկա կանանցից մեկի վերաբերյալ էլ տեղեկություն էր ստացվել, թե նա մեկնել է Ստեփանավան՝ հյուր:
Միահամուռ դատարան չեն ներկայանում նաև «Պարմա» առևտրի կենտրոնի աշխատակից վկաները:
Ո՞րն է այս գործով վկաների միահամուռ չներկայացման պատճառը, միգուցե վա՞խն է. եթե նրանք իրենց աչքով են տեսել մարդուն խմբովին ծեծի ենթարկելու սարսափելի տեսարանը, միգուցե վախենում են դատարան գալ ու ցուցմունքնե՞ր տալ դրա վերաբերյալ:
Ինչևէ, դատարանը հերթական անգամ տեղապտույտ կատարեց՝ վկաների բացակայության պատճառով: Այնպիսի տպավորություն է, թե դատարանն անզոր է ապահովելու այս գործով վկաների ներկայությունը դատական քննությանը: Վկաների նման վերաբերմունքի պայմաններում նրանց դատարան ներկայանալն էլ կարող է «պսակվել» կաշկանդված ցուցմունքներով:
Դատական նիստի հերթական հետաձգումը ամբաստանյալներին էլ դուր չեկավ:
Այն բանից հետո, երբ տուժողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանքը՝ տուժողի հերթական վիրահատության վերաբերյալ, ամբաստանյալ Արսեն Մաթևոսյանը հայտարարեց. «Ներողություն եմ խնդրում խոսակցական լեզվիս համար… Ստացվում ա, որ վաղը եթե տուժողն ուզենա լեզվին պիրսինգ անի, էլի պտի թուղթ ներկայացնի ու չգա… Վրներս սրոկ ա դրել, քաշվել ա մի կողմ…»:
Տուժողի ներկայացուցիչն ասաց, թե ամբաստանյալների շահերից էլ է բխում, որ տուժողն ապաքինվի, և որ տուժողը ցանկանում է դատարան ներկայանալ ու ցուցմունք տալ, ինչը նա կանի, հենց որ ի վիճակի լինի:
Մաթևոսյանի շահերի պաշտպանը դատարանից ստացավ «Պարմա» առևտրի կենտրոնի տեսախցիկների կողմից դեպքի ժամանակ տեսանկարահանված նյութով լազերային կրիչը, որպեսզի ծանոթանա գործով ապացույց ճանաչված, գործին կցված այդ նյութին:
Դատարանը հերթական անգամ վկաներին բերման ենթարկելու որոշումներ կայացրեց, որոնց արդյունավետությունը պարզ կլինի ապրիլի 2-ի և 3-ի նիստերին: Մինչ այդ մի նիստ էլ մարտի 13-ին է նշանակված, մնում է՝ վկաներից գոնե մեկը սեփական կամքով, առանց ոստիկանական պարտադրանքի ներկայանա դատարան:










































