Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 16-ին բանակցություններ կանցկացնի Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«Բարձրագույն մակարդակով բանակցությունների օրակարգը ենթադրում է ռուս-ղրղըզական համագործակցության հետագա ամրապնդման առանցքային հարցերի քննարկում՝ նախևառաջ առևտրա-ներդրումային և մշակութային-մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կրեմլում նշել են, որ նախագահները ծրագրում են կարծիքներ փոխանակել «Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի անդամակցության կոնտեքստում փոխգործակցության» վերաբերյալ:
Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների բանակցություններն Աստանայում կարող են անցկացվել հաջորդ շաբաթ: Այդ հանդիպումը պետք է տեղի ունենար մարտի 12-13-ը, սակայն հետաձգվել է: ԶԼՄ-ներում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ դա կապված էր Պուտինի հիվանդության հետ, սակայն Կրեմլում այդ տեղեկությունը հերքել են:
Պուտինը վերջին անգամ հանրության առաջ երևացել է մարտի 5-ին՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հանդիպման ժամանակ: Անցած շաբաթվա վերջից Պուտինը հանդիպումներ է ունենում, որոնց մամուլը չի հրավիրվում:









































