ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը գաղտնի աշխատում է Հյուսիսային Կորեայի հետ գաղտնի բանակցությունների ուղղությամբ՝ գրում է The Washington Times-ը՝ հղում անելով ամերիկյան կառավարության աղբյուրին: Հաղորդվում է, որ այդպիսի աշխատանքը համարվում է Փխենյանի հետ հարաբերությունների հնարավոր նորմալացման ծրագրի մաս:
Որոշ տեղեկություններով՝ խոսքը այնպիսի մոտեցման մասին է, որը հիշեցնում է գաղտնի դիվանագիտության սկզբունքը, որն օգտագործվել է Վաշինգտոնի կողմից Կուբայի դեպքում՝ ասվում է հոդվածում: Թերթը հիշեցնում է, որ այն ժամանակ գաղտնի բանակցություններն ընթացել են մի քանի ամիս Կանադայում և Վատիկանում, ընդ որում՝ կենտրոնական դեր է խաղացել, հավանաբար, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Հյուսիսային Կորեայի հետ գաղտնի և ոչ պաշտոնական բանակցություններն ավելի բարդ կլինեին Հարավային Կորեայի պատճառով՝ նշում է պարբերականը: Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Հեի մամլո քարտուղարը թերթին ասել է, որ հարավկորեական կառավարությունը Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության և համագործակցության որոնման գործում մեծ նշանակություն է տալիս թափանցիկությանը: Նա հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը փորձո՞ւմ է Փխենյանի հետ ոչ պաշտոնական բանակցությունների տարբերակներ գտնել:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղարը հերքել է գաղտնի բանակցությունների վերաբերյալ տեղեկությունը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի հետ կապի ալիքներ ունի, և ԱՄՆ-ը բաց է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ «վստահության արժանի և վավերական բանակցություններին» վերադառնալու նպատակով երկխոսության գաղափարի համար, սակայն ներկայումս Վաշինգտոնն այդպիսի երկխոսության մեջ ներգրավված չէ:








































