Թուրքիայում որոշել են քանդել պոլսահայ գրող, լեզվաբան, գործարար Սևան Նշանյանի կողմից կառուցված Թուրքիայի հարավարևմտյան հատվածի Սելչուք շրջանի տները, որոնք որպես զբոսաշրջային կեցավայր էին ծառայում: Նշանյանի տներ կոչվող շինությունների մի մասը քանդելու պաշտոնական որոշումը փոխանցվել է «Նեսին» հիմնադրամին, որն էլ զբաղվում է տների հարցերով:
Շինությունները քանդելու որոշումն ընդունել է Սելչուքի քաղաքապետարանը՝ Նշանյանի տները համարելով ապօրինի կառուցված և ենթակա ապամոնտաժման: Ըստ քաղաքապետարանի որոշման՝ ապամոնտաժման են ենթակա Նշանյանի կառուցած բաղնիքը, այլ շինություններ:
Սա նմանատիպ առաջին քայլը չէ Նշանյանի դեմ: Տարիներ շարունակ թուրքական իշխանությունները, տեղական ինքնակառավարման մարմինները փորձում էին քանդել Նշանյանին պատկանող շինությունները, խոչընդոտել նրա նախաձեռնությունների իրականացմանը Սելչուքի Շիրինջե բնակավայրում, որը վերջինիս ջանքերի շնորհիվ քարուքանդ բնակավայրից վերածվել է խոշոր զբոսաշրջային կենտրոնի:
Նշանյանի դեմ երկար տարիներ դատական գործեր են բացվել՝ ապօրինի շինարարություն իրականացնելու մեղադրանքով: Նման մի մեղադրանքի հետևանքով էլ հայտնի գրողը դատապարտվել է ազատազրկման:
Նշանյանը 2013 թվականին երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել Շիրինջեում շինարարություն իրականացնելու համար։ Թուրքական իշխանություններն իր քննադատական հայտարարություններով հայտնի Նշանյանի աշխատանքը համարել էին «ապօրինի շինարարություն» և քրեական պատասխանատվության ենթարկել։ Հետագայում նրա պատժաչափն ավելացվել էր՝ հասցվելով 11 տարի 8 ամսվա։ Ազատազրկման ընթացքում էլ հայ գործչի նկատմամբ հետապնդումները շարունակվել են, ինչի հետևանքով նա մի քանի կալանավայր է փոխել և ներկայում ևս շարունակում է մնալ անազատության մեջ, ինչը բողոքի ալիք է բարձրացրել անգամ թուրքական առաջադեմ շրջանակներում:












































