Թուրքիան պատրաստ է տնտեսական իրավիճակի ցանկացած զարգացման ինչպես երկրում, այնպես էլ աշխարհում: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի կառավարության տնտեսական հարցերով փոխվարչապետ Ալի Բաբաջանը:
Որպես տնտեսական իրավիճակի փոփոխության օրինակներից մեկը՝ Բաբաջանը բերել է եվրոպական և այլ մի շարք երկրներում դոլարի արժույթի աճը:
Նախօրեին տեղի է ունեցել Բաբաջանի և Թուրքիայի կենտրոնական բանկի ղեկավար Էրդեմ Բաշչիի հանդիպումը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է տնտեսական իրավիճակը Թուրքիայում, Բաշչին 130-էջանոց զեկույց է ներկայացրել:
Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ կարգավորողը 2015 թ. երկրում կանխատեսում է վերջին 45 տարում նվազագույն ինֆլյացիա:
2015 թ. մարտի 6-ին Թուրքիայի ազգային արժույթը թարմացրել է պատմական նվազագույն արժեքը՝ հասնելով 1 դոլարի դիմաց 2,6862 թուրքական լիրայի:
Մարտի 12-ի դրությամբ պաշտոնական փոխարժեքը 2,6238 լիրա է 1 դոլարի դիմաց:










































