Եվրամիությունը սկսել է քննարկել Հարևանության քաղաքականության վերանայման հարցը, և ըստ այդ կապակցությամբ հնչեցված հայտարարությունների` այդ քննարկումները Բրյուսելը կշարունակի մինչև աշուն: Բնականաբար, առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում այն, թե այդ վերանայումները ի՞նչ ազդեցություն են ունենալու Հայաստանի հետ հարաբերության մասով:
Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի անդամ է, որն այդ ծրագրում բավական հաջող և արդյունավետ ընթացք ուներ մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3: Դրանից հետո Հայաստանն առաջատարներից վերածվեց աուտսայդերի, Եվրաասոցացման գործընթացը տապալվեց, Հայաստանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին: Սակայն այս ամենում բեկումնայինը եղան ուկրաինական իրադարձությունները: Հենց դրանք են, որ Եվրամիությանը բերեցին Հարևանության ծրագրի վերանայման մտքին, քանի որ ուկրաինական ճգնաժամը հանդիսացավ Հարևանության ծրագրի հանդեպ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության դրսևորում` Բրյուսելի մոտ վախեր առաջացնելով, որ նույնը կկրկնվի ցանկացած այլ դեպքում, երբ Եվրամիությունը հետխորհրդային որևէ երկրի հետ կգնա հարաբերությունների սերտացման:
Մինչև այսօր նման վտանգը դամոկլյան սրի նման կախված է և՛ Մոլդովայի, և՛ Վրաստանի գլխին: Ահա այս ամենն էլ Բրյուսելին մղել է Հարևանության ծրագրի մոտեցումները վերանայելու, ինչը այլ կերպ կարող ենք անվանել Ռուսաստանի հետ կոմպրոմիսային մոտեցումների փնտրտուքի քննարկում, որի արդյունքում Բրյուսելը կփորձի Մոսկվային առաջարկել իր և հետխորհրդային հանրապետությունների սերտ հարաբերությունների այնպիսի մոդել, որը չի արժանանա Կրեմլի ագրեսիայի: Սրա մասին է վկայում այն, որ քննարկումների ներկայացված փաստաթղթում շեշտադրվում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների խնդիրը:
Այս տեսանկյունից, Հարևանության նոր ծրագրի շուրջ քննարկումները կարելի է նահանջ որակել: Սա վկայում է, որ Ռուսաստանը հասել է որոշակի հաջողության: Այսինքն` ոչ թե Բրյուսելն է հասել նրան, որ Մոսկվան վերանայի իր վերաբերմունքը հետխորհրդային նախկին երկրների ինքնուրույն որոշումների հանդեպ, այլ Բրյուսելն է իր վերաբերմունքը վերանայում այդ երկրների հետ սուվերեն հարաբերություններ կառուցելու հարցում: Այլ կերպ ասած` ռուսական շանտաժն աշխատել է, ինչպես աշխատեց Հայաստանի դեմ սեպտեմբերի 3-ին: Սակայն, եթե Հայաստանը մի փոքր պետություն էր, թույլ պետություն, պատերազմի և շրջափակման մեջ գտնվող, նաև ոչ լեգիտիմ իշխանությամբ պետություն ու տեղի տվեց այդ շանտաժին, ապա առնվազն զարմանալի և տարակուսելի է, որ տեղի է տալիս Եվրոպանը, որը հանդիսանում է քաղաքակրթության փարոս:
Ինչպե՞ս կարող է նահանջել քաղաքակրթության փարոսը: Չէ՞ որ այդ նահանջը հանդիսանում է սպառնալիք ամբողջ միջազգային անվտանգությանը. եթե մոսկովյան շանտաժը ստիպել է Եվրոպային վերանայել Հարևանության քաղաքականությունը, ապա գուցե թե վաղը մեկ այլ շանտաժով մեկ այլ բան կստիպեն: Եվ այդպես մինչև ո՞ւր: Համենայնդեպս, առկա իրողությունը այս տեսանկյունից խիստ մտահոգիչ է հայաստանյան այն շրջանակների համար, որոնք հանդես են գալիս Հայաստան-Եվրամիություն ինտեգրացիայի, գործընկերության, սերտ հարաբերությունների օգտին` Հայաստանի տեղն ու դերը տեսնելով քաղաքակրթական այս համակարգում, եվրոպական արժեքային համակարգում:
Այլ կերպ ասած` նախանշվող նոր մոտեցումները, որոնց հիմքում ակնհայտ ընկած է ռուսական շանտաժի դեմ տեղատվությունը, ըստ էության իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում դառնալ դանակի հարված Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, որը պայքարում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, բազմակարծության համար, որը Հայաստանի անվտանգությունն ու ապագան տեսնում է այն արժեհամակարգում, այն քաղաքակրթական համակարգում, որի առաջատարն այսօր Եվրամիությունն է, եվրատլանտյան հարթությունը:
Դժվար է ասել, թե Հարևանության ծրագրի վերանայման շուրջ քննարկումները ինչ ուղղությամբ կընթանան այս ամիսներին: Ակնհայտ է, որ Եվրոպան այս հարցում միատարր չէ, և կան տարբեր մոտեցումներ, կա նույնիսկ շահերի բախում: Ընդ որում` խոսքը չի վերաբերում այն բանին, որ Ռուսաստանի հետ սերտ հարաբերության փոխարեն պետք է նախանշել պատերազմ Ռուսաստանի դեմ: Պարզապես պետք չէ տեղի տալ ռուսական շանտաժին և այդպիսով արդարացնել այն ամենը, ինչը Ռուսաստանը կարողանում է անել հետխորհրդային այն հանրապետությունների դեմ, որոնց հանդեպ պատում է ուժը: Ի վերջո, դա նշանակում է Ռուսաստանին հանձնել նաև այդ երկրների քաղհասարակություններին, մասնավորապես Հայաստանի դեպքում, ընդ որում` այն պարագայում, որ իշխանությունն ու այսպես ասած` քաղաքական դաշտը, ըստ էության, արդեն հանձնված են:
Հասկանալի է նաև այն, որ Եվրամիությունը ցանկանում է խուսափել առճակատումից` նաև ելնելով հենց այդ երկրների, օրինակ` մասնավորապես Հայաստանի շահերից, համարելով, որ հետո բավարար հնարավորություններ չեն լինում պաշտպանելու տվյալ պետությունն ու հասարակությանը ռուսական ագրեսիայից, և թեժ բախումից ոչ ոք չի շահում, առավել ևս տվյալ երկիրը: Այստեղ, իհարկե, կա իրավացիության մեծ տարր, սակայն նահանջը, հանձնվելը, շանտաժին զիջելն, ըստ էության, հակառակ ծայրահեղությունն է, որը ևս ունենում է ծանր հետևանքներ՝ թե՛ Եվրոպայի, թե՛ տվյալ սուբյեկտի համար: Շահում է միայն նա, ով շանտաժում է, ով վարում է ագրեսիվ շանտաժի քաղաքականություն:
Հետևաբար` Եվրամիության Հարևանության քաղաքականության վերանայման առանցքում պետք է լինի եվրաինտեգրացիայի ցանկություն և որոշում ունեցող հետխորհրդային հանրապետությունների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացումը շանտաժին տեղի չտալու ճանապարհով, պարզապես աշխատանքի միջոցներն ու ռեսուրսները առավել թիրախավորված և օպտիմալ օգտագործելու ճանապարհով, գործընկերների առավել դիպուկ և ճշգրիտ ընտրության ճանապարհով: Միևնույն է` Եվրոպայի որևէ վերանայում չի կանգնեցնելու Ռուսաստանին, քանի դեռ նա զգալու է շանտաժի ուժը:










































