Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիրի (պատմական Աղձնիք նահանգ, Տիգրանակերտ) «Դիջլե» (Տիգրիս) համալսարանը օրերս Erasmus+ ծրագրի և Միջազգային հարաբերությունների միության նախաձեռնությամբ տարբեր երկրներից 20 ուսանողներ է հյուրընկալել, որոնք այցելել են նաև տեղի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» կայքը։
«Դիջլե» համալսարանի արտաքին կապերի գրասենյակի աշխատակիցները Իտալիայից, Ինդոնեզիայից, Ռումինիայից և Լիտվայից ժամանած երիտասարդներին ծանոթացրել են քաղաքը։ Ճանաչողական այցի շրջանակներում ուսանողները եղել են նաև Սուրբ Կիրակոս եկեղեցում։
Նշենք, որ Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է։ 2012 թվականին ավարտվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, և 32 տարվա ընդմիջումից հետո կատարվել է առաջին եկեղեցական արարողությունը։ Վերակառուցվել է նաև եկեղեցու զանգակատունը, որը ոչնչացվել էր Հայոց ցեղասպանության տարիներին։






































