ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ երբեք գաղտնի փաստաթղթեր չի ուղարկել անձնական էլեկտրոնային փոստով, սակայն խոստովանել է, որ ինքը պետք է տարանջատեր աշխատանքային և անձնական գրագրությունը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Երբ ես եկա Պետդեպարտամենտ (2009-ին), ես օգտագործեցի իմ անձնական էլեկտրոնային փոստարկղը, ինչը թույլատրելի էր Պետդեպի կողմից: Ես կարծում էի՝ ավելի հեշտ կլինի, եթե ես երկուսի փոխարեն ընդամենը մեկն ունենամ՝ աշխատանքային և անձնական փոստի համար: Լավ կլիներ, եթե ես ուղղակի օգտագործեի երկրորդ օգտահաշիվը և կրեի երկրորդ հեռախոսը: Բայց այդ ժամանակ դա խնդիր չէր թվում»,- ասել է նա:
Չնայած անձնական օգտահաշվի կիրառմանը՝ Քլինթոնը վստահեցրել է, որ անձնական e-mail-ով կարևոր պետական տեղեկատվություն երբեք չի անցել: «Ես իմ e-mail-ով ոչ մի գաղտնի փաստաթուղթ ոչ մեկին չեմ ուղարկել։ Ես, բնականաբար, տեղյակ էի գաղտնի փաստաթղթերի նկատմամբ պահանջներին և չեմ ուղարկել գաղտնի նյութեր»,- ընդգծել է նախկին պետքարտուղարը։
Քլինթոնն «անձնական նամակներ» է անվանել ամուսնու հետ նամակագրությունը, դստեր հարսանիքի, մոր հուղարկավորության կամ արձակուրդների ծրագրումը, ինչպես նաև ցավակցությունն ընկերներին և յոգայի պարապմունքների ցուցակը:







































