«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
-Պարոն Պետրոսյան, Դուք կտրուկ գործողությունների կողմնակից էիք և հավատացած էիք, որ Գագիկ Ծառուկյանի և Եռյակի հետ կհասնեք հաջողության: Հիմա, երբ Եռյակ այլևս չկա, ազատամարտիկները գուցե պատրաստվում են առանձին ծրագրո՞վ հանդես գալ:
-Եթե քաղաքական ուժերն այսօրվա դրությամբ գործողությունները դադարեցրել են և հայտարարում են, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված առաջիկա ամիսներին նպատակահարմար չեն գտնում ակտիվ լինել, կամ կան ուժեր, որոնք ասում են՝ ապրիլի 24-ին կամ դրանից հետո գործողություններ կանենք, հիմա ի՞նչ եք կարծում, մեր՝ ազատամարտիկներիս գործողությունները ինչպես կընկալվեն: Հիմա ինչքան էլ մենք արագ գործողությունների կողմնակից լինենք, ի՞նչ պետք է անենք: Դուրս գանք, ժողովրդին հայտարարենք, որ քաղաքական ուժերը չէ, բայց մե՞նք ենք անելու: Իհարկե, մենք շատ մեծ սիրով կուզեինք օր առաջ դրան հասնել, բայց եթե քաղաքական ուժերն այսօր ժողովրդին ասում են՝ դադար տվեք, ասում են, որ նման գործողություններ անելը նույնիսկ հանցագործություն կլինի, քանի որ այսօր 100-ամյակի միջոցառումներ են, հիմա որքան էլ մեր սրտով չլինի, համաձայն չլինենք, մեր անելիքը միշտ ժողովրդի կողքին լինելն է եղել: Եթե ժողովուրդը կկանգնի ոտքի, կփորձի դուրս գալ, մենք մեծ սիրով նրանց հետ կլինենք, իսկ մինչև այդ, քաղաքական ուժերը դա պետք է անեն, քանի որ դրանք քաղաքական գործողություններ են: Այսօր մենք՝ ազատամարտիկներս, եթե իմանանք, որ կարող ենք վաղը այդ խնդիրն իրականացնել, իհարկե, մեծ սիրով կանենք, բայց քանի որ ամբողջ քաղաքական դաշտը դադար է տալիս, մեր կողմից կլինի դավաճանություն, եթե մենք նախաձեռնենք նման բան:
Իհարկե, չի բացառվում, որ մոտակա օրերին քաղաքական դաշտում վերադասավորումներ լինեն, մենք էլ պետք է նայենք, թե իրականում ինչ կատարվեց: Չենք կարող չասել, որ Գագիկ Ծառուկյանի քայլը քաղաքական իրավիճակ չփոխեց: Հիմա վերադասավորումներ են ընթանում, նոր ուժեր են ձևավորվում, և մենք, որքան էլ համաձայն չլինենք, որքան էլ օր առաջ իշխանափոխության կողմնակիցներ լինենք, պետք է իրականության հետ հաշվի նստենք, որ տեսնենք՝ ինչ է ձևավորվում քաղաքական դաշտում, ժողովուրդը որ քաղաքական ուժին է վստահում: Ազատամարտիկների խնդիրը մի խմբին մյուսով փոխելը չէ, մենք խնդիր ենք ունեցել հանել երկիրն այս իրավիճակից: Չի բացառվում, որ մենք տեսնենք՝ ընդդիմադիր քաղաքական նոր ֆորմատ է ձևավորվում, որին ժողովուրդը վստահում է, ու միանանք նրանց: Իսկ հիմա քաղաքական դաշտում անորոշ վիճակ է, և այս իրավիճակում ազատամարտիկներն իրենց ձեռքը քաղաքական բեռ վերցնել չեն կարող:
-ԲՀԿ-ն իրեն հռչակել է ընդդիմություն, Դուք այդ կուսակցությունն առանց Ծառուկյանի պատկերացնո՞ւմ եք և ԲՀԿ-2-ի հետ համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ եք:
-Մեր խնդիրը որևէ քաղաքական առաջնորդի կամ քաղաքական ուժի դրոշակը տանելը չէ, ԲՀԿ-ն կարող է նոր ֆորմատով և կարճ ժամանակում, արդեն առանց Գագիկ Ծառուկյանի և իր նոր քաղաքական առաջնորդի գլխավորությամբ ունենալ ժողովրդի վստահությունը, հետևել իր ծրագրերին: Այդ դեպքում, իհարկե, մենք նորից կհամագործակցենք, կփորձենք մեր ժողովրդին և պետությանը պիտանի լինել: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք քաղաքական ընդդիմություն են դառնալու: Ծառուկյանն այդ բառից իրեն շատ էր հեռու պահում, այլընտրանք էր ասում, Նաիրա Զոհրաբյանը հստակ հայտարարեց, որ իրենք ընդդիմություն են:
-Ձեր ընկեր ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը նույնպես դուրս եկավ կուսակցությունից, հայտարարեց, որ հիասթափված են բոլորը:
-Հիասթափված բառը մի քիչ խիստ է ասված: Իհարկե, եթե դու գործընթաց ես նախաձեռնում, որը քո անձի համար չէ, քո երկրի, ժողովրդի շահի համար է, գալիս է հասնում հանգուցալուծման նախաշեմին, և ինչ-որ ազդեցությունների տակ ֆորմատ է փոխվում, բնականաբար ցավ կա, բայց դա չի նշանակում, որ դա վերջն է: Մենք այնպիսի իշխանություն ունենք, այնպիսի իրավիճակում ենք, որ ամեն վայրկյան կարող է ֆորս-մաժորային իրավիճակ ձևավորվել: Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տեսակի ցնցումներին և ժողովրդին ու երկիրը հետ պահենք ցնցումներից և դիմագրավենք դրանց:
-Ինչպե՞ս պետք է դիմագրավեք, երբ իշխանությունը վարվում է այնպես, ինչպես ԲՀԿ-ի և նրա առաջնորդի հետ վարվեց:
-Ամեն դեպքում մենք, ի տարբերություն քաղաքական ուժերի, փորձում ենք: Դա անձի շուրջ չէ, որ այդ անձին ահաբեկելով հետ պահեն, սա մի ամբողջ հետագիծ ունեցող կռված տղերք են, որոնք խնդիր չեն դրել Սերժ Սարգսյանի կամ իր կառավարության դեմ պայքարել: Մեր պայքարն իրենց վարած քաղաքականության դեմ է, որի արդյունքում ունենք արտագաղթ, պետականության նոր վտանգված վիճակ, տնտեսական, սոցիալական վատ իրավիճակ: Մենք դրա դեմ ենք պայքարում. եթե կլինեն քաղաքական ուժեր, կմիավորվեն, կկանգնեն այս պայքարի կողքին, փառք ու պատիվ իրենց, չեն կանգնի, մենք կփորձենք ինքներս համախմբել ժողովրդին: Բայց այսօր միանգամից վաակում է առաջացել, եւ անհնար է, որ մենք այս կարճ ժամանակում փորձենք ինքներս վերցնել ղեկը. դա կլինի անիմաստ քայլ:
–Երբ Ձեր և Մանվել Եղիազարյանի դեմ հարձակում էր եղել, Եռաբլուրում ազատամարտիկները ցասումով էին լցված, ասում էին, որ կտրուկ գործողությունների կգնան, երդվեցին և արագ էին ուզում փոփոխություններ:
-Մեր ցասումը երբևէ չի փոխվել, կապ չունի՝ Ռազմիկի կամ Մանվելի, կամ որևէ ազատամարտիկի հանդեպ նման բռնություն լինի, նոր ոտքի կանգնենք: Այսօր մեր ամբողջ ազգի հանդեպ են բռնություններ ընթանում: Դրա վկայություններից մեկը մի ամբողջ քաղաքական ուժի դեմ կատարվածն էր, երբ ԱԺ-ում մեծությամբ երկրորդ ուժին իշխանությունը կարող է մեկ հարվածով այնպիսի իրավիճակի հասցնել, որ քաղաքական կուրս փոխվի մեր երկրում: Նշանակում է՝ այստեղ մտածելու բան ունեն և́ քաղաքական ուժերը, և́ մենք՝ ազատամարտիկներս, և́ հանրությունը: Ամեն դեպքում հաստատ գիտեմ, որ ժողովրդի կամքի առջև որևէ մեկն ի զորու չի լինելու կանգնել, լավ է լինելու: Ես վստահ եմ, քանի կա քաղաքացիական կեցվածք ունեցող հասարակություն, որի կողքին կանգնած ենք նաև մենք՝ ազատամարտիկներս, ինձ թվում է՝ այնպես չէ, որ անհուսալի վիճակ է, լավ է լինելու:
-Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումը:
-Ես ուզում էի, որ նա մնար քաղաքականության մեջ, մանավանդ որ ժողովուրդն իր հետ շատ հույսեր էր կապում, վստահում էր, բայց որոշումն իրենն է, և մենք պարտավոր ենք հարգել նրա դիրքորոշումը:
–Այս օրերին նա անգամ իր մարզային կառույցներն է փակում, գույքը վերցնում:
-Այդ մարդը հայտարարել է, որ քաղաքական դաշտից դուրս է գալիս և քաղաքականությամբ այլևս չի զբաղվելու, բնական է, որ պետք է շտաբներն էլ փակվեին:
-Հանրությունն ի՞նչ սպասի Ազատամարտիկների դաշինքից:
-Ազատամարտիկների դաշինքն Արցախում իրենց հաղթանակն իրականացրած տղերքով է հավաքվել, նրանց նպատակը պետականության պահպանումն է, ժողովրդին էս վիճակից հանելը: Մենք ուզում ենք կլանային համակարգից նորմալ կառուցվածքների անցնենք: Եթե իշխանություններն ի զորու կլինեն դա իրականացնել, փառք ու պատիվ իրենց, չեն կարող, ուրեմն պետք է հեռացնել նրանց:










































