Ջոն Միլանոն, ով հանդիսանում է իտալացի և հույն ծնողների ժառանգ, ներկայում ապրում է Կալիֆոռնիայում և ֆիլմ պատրաստում Հայոց Ցեղասպանության մասին։ Այս մասին հայտնում է The Armenian Mirror-Spectator-ը։
Նա ծնվել և մեծացել է Օրադել քաղաքում։ «Ես հայ չեմ, բայց ես մեծացել եմ Օրադելում, որն ունի Ամերիկայում ամենամեծ հայկական բնակչություններից մեկը»,-ասել է նա՝ հավելելով, որ երբ դպրոց գնաց, բոլոր իր ընկերները հայեր էին, ովքեր իրենց հետևում մեծ պատմություն ունեին։
Նրա «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմի վրա արդեն երկու տարի է՝ աշխատանքներ են տարվում։ Այն մշակման վերջին փուլում է։ Մարտի 15-ին Լոս ԱՆջելեսում կկայանա ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմը նկարահանելու հարցում Միլանոյին ոգեշնչել է նրա մանկության ընկերը՝ 26-ամյա Երվանդ Խաչիչյանը։ Վերջինիս խոսքով՝ Ջոնը կարծես իրենց ընտանիքի անդամ լինի, եղբայր իր համար։ «Ջոնը պատվավոր հայ է»,-ասել է Խաչիչյանը։
Խաչիչյանի խոսքով՝ իր տատը հազիվ է կարողացել ողջ մնալ։ Նրան թուրքերը խլել են մորից ու գցել դիակների կույտի մեջ։ Փոքրիկի վրա ձի են արձակել՝ նրան ոտնակոխ անելու համար, սակայն Աստծո կամքով նա ողջ է մնացել։ Նա հիշում է տատի պարանոցին նալի հետքերը։ Խաչիչյանի խոսքով՝ ինքը տեսել է ֆիլմի դեռևս ոչ լիարժեք տարբերակը և կարծում է, որ այն հարգանքի մեծ տուրք է հայ ժողովրդին։
Ֆիլմում նկարահանվել են իրանահայ դերասանուհի Մարի Էփիքն ու Մարկո Խանը՝ մի խումբ երիտասարդ հայ դերաանների հետ համատեղ։ 40 հազար դոլար բյուջեով ֆիլմը նկարահանվել է կալիֆոռնիական Սիմի հովտում։ Դա նույն վայրն է, որտեղ նկարահանվել է Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմը։ «Դա միակ վայրն է Հարավային Կալիֆոռնիայում, որ նման չէ Հարավային Կալիֆոռնիային»,- կատակով ասել է Միալնոն՝ հավելելով, որ այն նման է Մերձավոր Արևելքին։
Միլանոյի խոսքով՝ ֆիլմն իրենից ներկայացնում է Ցեղասպանությունից մի պատառիկ։ Այն հայ ֆերմերի և նրա դստեր մասին է, ովքեր հուսահատ վերջին փորձով ուզում են փախչել գյուղից, սակայն չափազանց ուշ է լինում։ Նա ձևանում է թուրք զինվոր։ Դուստրը թաքնվում է և որոշում կայացնում, որը փոխում է մյուսների կյանքը։
Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը












































