Հաքան Ֆիդանը շուտով նորից կանցնի Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պարտականությունների կատարմանը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընջը նախարարների կաբինետի նիստի արդյունքներով:
«Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Հաքան Ֆիդանին նորից նշանակել է MIT ղեկավարի պաշտոնում: Կա համապատասխան կարգադրություն, որի համաձայն՝ նա մոտ ժամանակներս կանցնի գերատեսչությունում իր պարտականությունների կատարմանը»,- ասել է Արընջը:
Ավելի վաղ Ֆիդանը հետ էր կանչել իր հայտարարությունը՝ գրանցվելու հունիսի սկզբին նախատեսվող խորհրդարանական ընտրություններում որպես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու: Տեղի դիտորդները նշում են, որ նա իր որոշումը նախապես քննարկել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:
Ֆիդանը հրաժարական էր տվել փետրվարի սկզբին, որովհետև մտադիր է եղել առաջադրվել խորհրդարանի պատգամավորի պաշտոնում: Թուրքիայի օրենսդրության համաձայն՝ պետական ծառայողները, ովքեր մտադիր են մասնակցել ընտրություններին, պետք է հրաժարական տան: Հրաժարականն ընդունվել էր վարչապետի կողմից, բայց կառավարության զուսպ մեկնաբանությունների և նախագահի քննադատության տեղիք էր տվել: Էրդողանը կողմ չի եղել Ֆիդանի հրաժարականին և հայտարարել էր, որ «առաջադրվելու նրա որոշումը դրական չի գնահատում»:







































