Թուրքիայի մի քանի տասնյակ կազմակերպություններից (հիմնականում ազգայնամոլական-խմբ.) բաղկացած պլատֆորմը հայտարարություն է տարածել, որի համաձայն Հայկական սփյուռքը Համշենի շրջանում գաղտնի քարոզչություն է իրականացնում։ Հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
«Համշենցինե´ր, ուշադրությո´ւն» անունը կրող հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Նախաձեռնության շրջանակներում հայերը հատուկ խմբեր են «գործուղում» Համշեն՝ գաղտնի աշխատանքներ և քարոզչություն իրականացնելու նպատակով։ Նրանք անցկացնում են համախորհրդակցություններ, զրույցներ, գրառումներ կատարում, կատարվող ուսումնասիրությունների շրջանակներում հաճախ կիրառում են «համշենահայեր» եզրը»։
Պլատֆորմը համարում է, որ Հայաստանը Սևծովյան ավազանի հարակից որոշ շրջանների նկատմամբ հավակնություններ ունի և հետագայում կարող է տարածքային պահանջներ դնել Թուրքիայի առջև։
Հավելենք, որ այս հայտարարությունը ստորագրել է 33 կազմակերպություն։







































