ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում ուսուցչուհի Շեյլա Քերնսը դատապարտվել է 90-օրյա ազատազրկման՝ երեխաներին «Մահվան այբուբեն» ֆիլմը ցուցադրելու համար: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Կինը մեղավոր է ճանաչվել անչափահասների համար վնասակար նյութերի տարածման մեջ:
Բացի իրական ժամկետից՝ 58-ամյա Քերնսը, ով դատարանում ներողություն է խնդրել աշակերտներից և նրանց ծնողներից, դատապարտվել է նաև 3 տարվա պայմանական ազատազրկման: Ուսուցչուհին, ով իսպաներենի դասերին փոխարինել է մեկ այլ դասավանդողի, խոստովանել է, որ որոշել է ստանդարտ նյութերի փոխարեն աշակերտներին ցուցադրել ֆիլմ՝ առարկայից անբավարար գիտելիքներ ունենալու պատճառով: Կինոնկարում կան նաև իսպանալեզու տեսարաններ:
Դատավճիռը կայացրած դատավոր Չարլզ Շնայդերը հայտարարել է, որ չի հավատում Քերնսի բացատրություններին: Ուսուցչուհին պնդել է, որ չի իմացել «Մահվան այբուբեն»-ի սադրիչ բովանդակության մասին և ցուցադրության ընթացքում չի հետևել էկրանին:








































