Համացանցում հայտնվել է Բիլ Քոնդոնի «Միսթր Հոլմս» ֆիլմի առաջին թրեյլերը, որը պատմում է աշխարհի ամենահայտնի մտացածին դետեկտիվի մասին: Արթուր Կոնան Դոյլի հերոսն այս անգամ ներկայանում է որպես թոշակի անցած խուզարկու, որը ոչ մի կերպ չի կարողանում հանգիստ գտնել, քանի որ նրան հետապնդում է 30 տարվա վաղեմության չբացահայտված գործի մասին միտքը, հայտնում է The Hollywood Reporter Russia-ն:
Ֆիլմում գլխավոր դերը կատարում է Իեն Մաքքելլենը:
Գործողությունը տեղի է ունենում 1947 թ.: Ֆիլմի հիմքում Միթչ Քալլինի «Միսթր Հոլմսի մեղուները» բեսթսելլերն է: Վեպը կինոսցենարի համար ադապտացրել է Ջեֆրի Հաթչերը: Դերերը կատարում են նաև Լորա Լիննին, Ֆրենսիս դե լա Տուրը և Մայլո Փարքերը:
Բացի թրեյլերից՝ համացանցում է հայտնվել նաև մեկուկես րոպեանոց հատված ֆիլմից:








































