Հունվարի 18-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի արգելված հատվածում հեռակառավարվող խաղալիք ուղղաթիռի միջոցով նկարահանումներ կատարած հայ լուսանկարիչ Ասպետ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։
Մանուկյանը մեղադրվում է «երթևեկության անվտանգությունը վտանգելու» համար, որը նախատեսում է 1-6 տարվա ազատազրկում։ Մեղադրող կողմը պահանջել է առավելագույն՝ 6 տարվա ազատազրկման դատապարտել հայ լուսանկարչին։
Հիշեցնենք, որ Ասպետ Մանուկյանն առանց թույլտվության օդանավակայանի տարածքում օդ է բարձրացրել իր պատրաստած ուղղաթիռը, որի վրա տեսախցիկ է ամրացված եղել։ Արդյունքում նրան հաջողվել է վերևից նկարահանել ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները։ Ստացված կադրերը լուսանկարիչը տեղադրել է YouTube վիդեոհոսթինգում։
Թուրքիայի քաղավիացիայի վարչությունը Մանուկյանի գործողությունները որպես ահաբեկչություն է որակել։ Ու թեև հայ լուսանկարիչը ներողություն է խնդրել իր ռիսկային նկարահանումների համար, նրա դեմ արգելված տարածքում նկարահանումներ կատարելու փաստով գործն ընթացք է ստացել։











































