ՄԱԿ-ն ի վիճակի չէ պաշտպանել Սիրիայի խաղաղ քաղաքացիներին միջազգային իրավունքի շրջանակներում: SANA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է պորտուգալական պետական ալիքին տված հարցազրույցում:
«ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի ԱԽ-ն, որոնք, ենթադրվում է, պետք է լուծեն խնդիրներն ու պաշտպանեն պետությունների ինքնավարությունը և պատերազմ թույլ չտան, արդեն անհաջողության են մատնվել իրենց առաքելության կատարման գործում: Այն, ինչ մենք հիմա ունենք՝ ՄԱԿ-ը չկարողացավ պաշտպանել քաղաքացիներին միջազգային մակարդակում… այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում, Եմենում և այլ երկրներում»,- ասել է Ասադը:
Չնայած Սիրիայի տարածքի մի մասը ծայրահեղական խմբավորումների վերահսկողության տակ է, և ճգնաժամը երկրում շարունակվում է արդեն 4 տարի, «սիրիացիները մտադիր են շարունակել ահաբեկչության դեմ պայքարը և պաշտպանել իրենց Հայրենիքը», նշել է Ասադը՝ հավելելով, որ «չի կարելի ասել, որ Սիրիան վերջացել է, երբ ժողովուրդը միասնական է»:











































