Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Վաշինգտոնում մայիսի 7-9-ը տեղի ունենալիք եռօրյա միջոցառումների նախապատրաստություններն ընթանում են ողջ թափով։ Եզակի միջոցառումը կիրականացնի միացյալ ամերիկահայ համայնքը՝ ամերկյան, համաշխարհային կրոնական, դիվագիտական և կառավարական դաշտի աջակիցների օգնությամբ։ Այս մասին հայտնում է Massis Post-ը։
Հիշատակի միջոցառումը կառաջնորդեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Նրանք հանրությանը առաջին անգամ միասին կերևան ապրիլի 23-ին՝ Սուրբ Էջմիածնում Ցեղասպանության նահատակներին որպես սուրբ օծման արարողությունից հետո։
Վաշինգտոնի արարողությանը կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսի անդամներին հատուկ հրավերներ են ուղարկվել Եկեղեցիների ազգային խորհրդի և Կաթոլիկ եպիսկոպոսների ԱՄՆ խորհրդի կողմից։
Մայիսին 7-ին Վաշինգտոնի հայտնի Ազգային տաճարում Գարեգին Բ-ն ու Արամ Ա-ն միասին հանդես կգան հիշատակի, հարգանքի, միասնության ու վերածննդի աղոթքներով։ Տաճարում հիմնական բանախոսը կլինի Եկեղեցիների համաշխարհայինխորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆյուկսե Տվեյտը։
Ուրբաթ երեկոյան Ստրատմորի երաժշտական կենտրոնում կներկայացվի հատուկ ծրագիրը, որը կոչվում է «Ուղևորություն հայկական երաժշտության 100 տարում»։ Ծրագիրն կմասնակցեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի կամերային երգչախումբը։
Շաբաթ առավոտյան Անարատ հղիության ազգային սրբավայրում Գարեգին Բ-ն ու Արամ Ա-ն կմատուցեն Սուրբ Պատարագ՝ ԱՄՆ հայկական եկեղեցիների երգչախմբերի 15 ներկայացուցիչների մասնակցությամբ։
Շաբաթ երեկոյան Marriott Marquis հյուրանոցում տեղի կունենա ընդունելություն՝ նվիրված այն անհատներին և ինստիտուտներին, որոնք օգնել են հայերին։
Միջոցառումներն այդքանով չեն ավարտվում, կլինեն ցուցադրություններ, դասախոսություն։
Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը











































