Սաուդյան Արաբիայում բժիշկների խումբը վիրահատություն է արել, որի ընթացքում բաժանել է եմենցի սիամական զույգին: Աբդուլլա և Աբդուռահման անունները կրող տղաներն ընդհանուր կոնքոսկրեր, աղիներ և միզուղիների համակարգ են ունեցել: Երկվորյակներին առանձնացնելու համար բժիշկներից մոտ 9 ժամ է պահանջվել, հայտնում է The Daily Mail-ը:
Վիրահատությունն արվել է Էր-Ռիյադում՝ թագավոր Աբդել Ազիզի բժշկական կենտրոնում: Վիրաբույժների խումբը գլխավորել է երկրի առողջապահության նախկին նախարար Աբդուլլա ալ-Ռեբիան, ով հիմա աշխատում է կլինիկայում:
Ներկայումս փոքրիկներն ինտենսիվ թերապիայի մանկական բաժանմունքում են:
The Daily Mail-ը նշում է, որ 1990 թվականից ի վեր այդ կլինիկայում բաժանել են 35 երկվորյակի: Աբդել Ազիզի բժշկական կենտրոնում վիրահատվել են երեխաներ աշխարհի 18 երկրներից:










































