Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը, ապրիլի 7-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է «Եվրոպական հարևանության քաղաքականության ամփոփում» անունը կրող բանաձևը, որում խոսք է գնում Եվրամիության «Արևելյան գործընկերություն» շրջանակներում իրականացվող նախագծերի և ծրագրերի մասին, որի մեջ ընդգրկված են նախկին ԽՍՀՄ 6 հանրապետություններ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան:
Այդ փաստաթղթի 47-րդ կետում մասնավորապես ասվում է, որ ԵՄ համապատասխան մարմինների ներկայացուցիչներին առաջարկվում է ակտիվացնել աշխատանքները Մերձդնեստրում և Կովկասում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ` միջազգային իրավունքի, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքորոշման իրավունքի հիման վրա:
Հաջորդ կետով Եվրախորհրդարանը կոչ է անում «հաշվի առնել պրագմատիկ նախաձեռնություններն ու նորարարական մոտեցումները և շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների և հասարակությունների հետ՝ քաղաքացիական մշակույթի և երկխոսության նպատակով»:









































