Twitter միկրոբլոգների ծառայությունն ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ համատեղ կստուգի ցանցի համահիմնադիրներից մեկի՝ Ջեք Դորսիի հասցեին սպառնալիքների իսկությունը, որոնք, ենթադրաբար, հրապարակվել են ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») անունից: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը:
Դորսիի հասցեին սպառնալիքները հայտնվել են ինտերնետ-կայքերից մեկում, որը սովորաբար ծրագրավորողներն օգտագործում են համակարգչային կոդի մասերի հրապարակման համար: Հեռուստաալիքը նշում է, որ հաղորդագրության մեջ պատկերված են արմատական խմբավորման սև դրոշով լոգո և «նշանառության տակ» տղամարդու լուսանկար: Ուղղակիորեն Դորսիին ուղղված հաղորդագրության հեղինակը Twitter-ին դատապարտում է ԴԱԻՇ-ի հետ կապված էջերը փակելու համար:
«Մեր անվտանգության փորձագետները՝ իրավապահ մարմինների համապատասխան ներկայացուցիչների հետ համատեղ հետաքննում են այդ սպառնալիքների իսկությունը»,- ասվում է Twitter-ի՝ հեռուստաալիքի տրամադրության տակ գտնվող հաղորդագրության մեջ:
Ինքը Դորսին իր էջում դեռ չի հիշատակել ԴԱԻՇ-ի կողմից սպառնալիքների մասին:










































