Երբ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի գործընկեր-կառավարիչ, GPartners իրավաբանական ընկերությունը ներկայացնող Սարգիս Գրիգորյանն իր կոլեգայի հետ փաստաբանական պայմանագիրն էր ներկայացնում դատարանին և ասում, թե փաստաբանական ծառայությունների համար պահանջվող 3 մլն-ը ինչի վրա է ծախսվել և պիտի ծախսվի, պատասխանող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հարցական հայացքով նայում էր նրան և ասում, որ փաստաբանական ծառայության համար պահանջվող գումարն էլ պետք է ողջամիտ լինի, քանի որ այդ հարցը նաև Փաստաբանական պալատի քննարկման առարկա է դարձել և այն կարգավորվում է փաստաբանների վարքագծի կանոնագրքով:
Այդ հարցին ի պատասխան` Սարգիս Գրիգորյանը եվրոպացու հայացքով և կեցվածքով ասաց` ի՞նչ ողջամիտ վճար, դա «բիզնես-մոդել է»: Այդ ժամանակ Նիկոլայ Բաղդասարյանը մոտավորապես այսպիսի ` «էդ ի՞նչ նոր փաստաբանական ձև է» հարցական հայացքով նայեց հայցվորի ներկայացուցչին և դատարանից ժամանակ խնդրեց այդ «բիզնես-մոդելին» ծանոթանալու համար: Եվ ահա, պատասխանողի ներկայացուցիչը դրան ծանոթանալուց հետո, այսօր եկավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան և մոտավորապես այսպիսի միտք հայտնեց` էդ, որ ասում էիր «բիզնես-մոդել», դա ձեռնարկատիրական ապօրինի գործունեությունն է, որը ենթակա է վարչական պատասխանատվության: Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման գործունեության նկատմամբ արդեն պետք է հետաքրքրություն ցուցաբերեն հարկային մարմինները, քանի որ առանց փաստաբանի արտոնագրի անձն իրավունք չունի փաստաբանական վճարովի ծառայություն մատուցել:
Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանի կինը և որդին` Բելլա և Սեդրակ Քոչարյանները վիրավորանք և զրպարտանք են համարում անցյալ տարի «Ժամանակ» օրաթերթում տպագրված երեք հրապարակումներում նշված տեղեկությունները և թերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունից պահանջում են 6 մլն դրամ գումար վնասի փոխհատուցում, որի մեջ մտնում է նաև փաստաբանական` մատուցվող ծառայության համար 3 մլն դրամը:
Այսօրվա դատական նիստում ուշադրության արժանացած երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ թեև Քոչարյանները Սարգիս Գրիգորյանին իրենց շահերը դատարանում ներկայացնելու լիազորագիր են տվել 2011-ի հունվարի 14-ին, այդուհանդերձ դրանով հաստատվում է, որ դրանից ամիսներ առաջ, երբ «Ժամանակ»-ում հրապարակումներ են լույս տեսել Քոչարյանների մասին` նրանք տեղյակ են եղել, ուստի դրանից հետո օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետում լիազորված անձ Սարգիսը պետք է հայց ներկայացներ դատարան, ով ավելի շուտ է տեղյակ եղել այդ մասին: Մինչդեռ, նախորդ նիստերից մեկի ժամանակ նա պնդում էր, թե ինքն է տեղյակ եղել հրապարակումներից, իսկ Քոչարյանները` ոչ, և ստացվեց, որ նրանց փոխարեն վիրավորվելով էր իր նախաձեռնությամբ հերքում ուղարկել խմբագրություն: Ի դեպ, այսօրվա` վերջին նախնական դատական նիստում վերջապես հայցվորների ներկայացուցիչները հստակեցրել են, թե ինչից են ՙզրպարտվել՚ և վիրավորվել իրենց վստահորդ Քոչարյանները` բերենք ընդամենը մեկ օրինակ:
Հրապարակման մեջ նշվել է «…Դեղերի շուկայում գրաված իր դիրքով նրան զիջում է նույնիսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը` Բելլա Քոչարյանը…»: Սա համարել են զրպարտություն, քանի որ հասկացել են, որ խոսքը վերաբերում է կոնկրետ անձի, ով դեղերի շուկայում որոշակի դիրք է զբաղեցնում: Դա որակելով ստահոդ` հայցվոր կողմը գտնում է, որ դրանով վիրավորվել է Բ.Քոչարյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Այսինքն` կրկին գալիս ենք մեր նախնական համոզման, որ հայցվոր կողմի ընկալմամբ` գործարարությամբ զբաղվելը վիրավորանք է: Միաժամանակ հիշեցնում ենք, որ նույն հրապարակումների վերաբերյալ ավելի վաղ խմբագրություն ուղարկված հերքման տեքստի մեջ նույն Սարգիս Գրիգորյանը նշել էր, որ խնդրո առարկա հոդվածներում «…հրապարակվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` տիկին Բելլա Քոչարյանի և պարոն Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ փաստացի անճշտություններ, այսինքն` ոչ ստույգ տեղեկություններ»: Այսինքն` հրապարակումների մեջ ճշմարտության որոշակի տոկոս կա, որի մասին ստույգ տեղեկությունները հենց հայցվորները պետք է ասեն:
Կա՛մ մենք կգնանք Բատիկյանի Վարսիկի մոտ, կա՛մ ՄԻՊ-ը «խելքը գլուխը կհավաքի»
Քանի որ լրագրողները չգիտեն, թե իրենց հրապարակման որ բառից ով և ինչու կարող է վիրավորվել, երևի թե պետք է յուրաքանչյուր հոդված տպագրելուց առաջ ուղարկեն ամբաստանյալներից մեկի` օրերս հիշեցրած Բատիկյանի Վարսիկի մոտ, նրա մասնագիտական կանխագուշակումը լսեն, հետո տպագրեն: Թե չէ` մեկը «ստիլյագ» բառից է վիրավորվում, մյուսը` բիզնեսում շատ կամ քիչ փայաբաժին ունենալուց, հետո ԶԼՄ-ն է հայտնվում սնանկացման եզրին: Անկաշառ և ազատ թերթերն ու նաև կայքերն այսօր հայտնվել են իշխանության թիրախում` դատական գործընթացների մեջ: Եվ դրա ամբողջ նպատակը` ընտրություններից առաջ նրանց լռեցնելն է:
ՄԱԱ-ում այդ մասին այսօր բարձրաձայնեցին «Ժամանակ» և «Հրապարակ» օրաթերթերի խմբագիրները: Այնպես է ստացվել, որ օրինակ էքս-նախագահ Քոչարյանի ընտանիքը այս երկու թերթերից է 6 մլն պահանջում` համարելով, թե հրապարակումներով զրպարտել և վիրավորել են իրենց: «Հրապարակ» օ/թ-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ ազատ մամուլը հայտնվել է փոփոխված` ապաքրեականացված օրենքի ծուղակում, որի հեղինակը Մարդու իրավունքների նոր պաշտպան Կարեն Անդրեասյանն է. նա է եփել այս ճաշը` հենց նրան ներգրավելով էլ պետք է փորձել հասնել օրենքի փոփոխությունների. այդ տուգանքները կա՛մ պետք է սիմվոլիկ լինեն, կա՛մ` պետք է վերացվեն, քանի որ 6 մլն դրամ տուգանքը հազիվ գոյատևող ընկերության համար մեծ գումար է: Այսպիսի կարծիք հայտնեց խմբագիրը` նշելով, որ այդ օրենքով խմբագիրներին փորձում են վերածել գրաքննիչների, ինչն ազդում է հեղինակների կարծիքի, ազատ ստեղծագործելու իրավունքի վրա:
«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն էլ նկատեց, որ ընտրություններից մեկ տարի առաջ սկսված այս գործընթացները պատահական չեն, քանի որ իշխանությունը վտանգ է տեսնում ազատ մամուլից: Նա, անդրադառնալով կոնկրետ «Ժամանակ» օ/թ-ի դեմ Քոչարյանների շահերը դատարանում ներկայացնող Ս.Գրիգորյանի գործունեությանը, ասաց, որ նա փաստաբան չէ, բայց փաստաբանական գործունեության համար 3 մլն է ուզում: Այլ կերպ ասած` ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղված: Եվ հետաքրքիր է, որ այդ նույն Ս.Գրիգորյանը հայց է ներկայացրել նաև «Հայկական ժամանակ» (որով հայցը բավարարվել էր) և «Հրապարակ» թերթերի դեմ: Բանախոսը սա վենդենտա է համարում` նշելով, որ նաև իրավագիտակցության պակաս կա:
Օրինակ` հայցվոր կողմը զրպարտանքն ու վիրավորանքը նույնացնում է: Ինչ վերաբերում է փոփոխված օրենքին, ապա Կարեն Անդրեասյանը, ըստ Ա.Բաբաջանյանի, անձնական պատասխանատվություն է կրում դրա համար և լավ կլինի` ՙխելքը գլուխը հավաքի՚ և դատական համակարգին` ԶԼՄ-ների նկատմամբ մեղմ վերաբերվելու մասին դիմումներ գրելու փոխարեն, օրենքի փոփոխությամբ զբաղվի: Ի դեպ, բանախոսները նկատեցին, որ նրա այդ ուղերձի հենց հաջորդ օրը դատարանն արգելանք է դրել «Հրապարակի» գույքի և միջոցների վրա, ինչը լավ ապտակ էր ՄԻՊ Կարեն Անդրեասյանին:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Ա.Բաբաջանյանն ասաց, որ թերթը Չարենցի ճանապարհով չի գնալու` Ստալինի ժամանակների նման տողատակերում չի հասկացնելու իր ասելիքը, և թերթը չեն լռեցնելու: Հաջորդ հարցը. դատարաններ դիմող Քոչարյանը քաղաքական իշխանության հովանավորության տա՞կ է, թե՞ ոչ: Ոչ` եղավ պատասխանը: Գուցե պարոն Բաբաջանյանը լավատես էր, բայց դրա պատասխանը կերևա դատական գործընթացների ավարտից հետո:








































