Ապրիլի 2-ին Երևանում կազմակերպված քաղաքացիական ՀեղաՖՈՐՈՒՄ-ի նպատակն էր ներգրավել քաղաքացիական գիտակցություն ու կամք ունեցող մարդկանց, խթանել մտագրոհներ ու հասարակական պահանջի ձևակերպում, նպաստել մարդկանց ու սոցիալական խմբերի իրազեկմանը, ինքնակազմակերպմանը և մոբիլիզացմանը` հանուն մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված ժողովրդավարական պետության փաստացի ստեղծման: Հեղաֆորումն ունեցավ 113 մասնակից, ևս 20-ը Live Stream-ով հետևում էին ֆորումի աշխատանքներին:
Ֆորումի աշխատանքային մեթոդը բաց տարածքի սկզբունքն էր` հիմքում ունենալով երկու հարցադրում` «Ի՞նչ փոխել» և «Ինչպե՞ս փոխել»: Զեկուցողներ ու նախապես որոշված թեմաներ չկային: Բոլոր մասնակիցները ունեին հավասար հնարավորություններ իրենց գաղափարները, վերլուծություններն ու առաջարկները ազատ արտահայտելու: Մոդերատորներն օգնում էին առավելագույնս արդյունավետ վարել գործընթացը: Արդեն իսկ ձևավորման փուլում են բանակի, սոցիալական, աշխատանքային և բնապահպանական հարցերի, արժեհամակարգի փոփոխության, կանանց ազատագրման և մի քանի այլ նախաձեռնություններ:
Բաց տարածքի սկզբունքի համաձայն` ՀեղաՖՈՐՈՒՄ-ն ամբողջությամբ կամ նախաձեռնող խումբը պատասխանատվություն չի կրում ֆորումի ընթացքում հնչած առաջարկների ու նոր մշակվող նախաձեռնությունների համար:
ՀեղաՖՈՐՈՒՄ-ի ընթացքում հնչած առաջարկներից մեկն էր` ֆորումը դարձնել պլատֆորմ` քաղաքացիական նախաձեռնությունների համակարգման և քաղաքացիական շարժումներին նոր լիցք հաղորդելու համար: Նախաձեռնող խումբը ըստ անհրաժեշտության հնարավոր է համարում նմանատիպ ֆորումների կազմակերպումն ու անցկացումը:
Նման քաղաքացիական ֆորում կազմակերպելու միտք առաջացել էր մարտի 14-ին ՄԻԺԻ Կենտրոնում տեղի ունեցած “Հեղափոխության մեթոդները. A Force More Powerful” ֆիլմի դիտում-քննարկման ժամանակ: Այնուհետև քննարկման մասնակիցներից և Facebook սոցիալական ցանցում դրված հայտարարության արձագանքողներից կազմվել է ֆորումի նախաձեռնող խումբը:
ՀեղաՖՈՐՈՒՄ-ի նախաձեռնող խումբ
Երևան, 7 ապրիլի 2011թ.












































