Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը այսօր հատուկ հրաման է ստորագրել, որով երկրի հյուսիսարևելյան քրդաբնակ Ալ-Հասաքա շրջանի քրդերին շնորհել է քաղաքացիություն:
Հայտնի է, որ երեքշաբթի օրը Բաշար Ալ-Ասադը հանդիպել է քուրդ ցեղապետերի հետ, որոնք նախագահին են փոխանցել իրենց պահանջները: Բաշար Ալ-Ասադը խոստացել էր, որ կլուծի շուրջ 300 հազար քրդերի քաղաքացիության հարցը, որոնք 1962թ.-ի մարդահամարից հետո դուրս էին մնացել Սիրիայի քաղաքացիների ցուցակից և 49 տարի շարունակ համարվում էին օտարերկրացի: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Ավելի վաղ ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր էթնիկ փոքրամասնությունների հարցերով: Սա մի խնդիր է, որը բազմաթիվ անգամ դարձել է քրդերի շրջանում հուզումների պատճառ: Ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ քուրդ ցեղապետերը կողմ են արտահայտվել երկրի միասնությանը և պատրաստակամություն են հայտնել պայքարելու արտաքին ուժերի դեմ, որոնք իբր խարխլում են երկրի կայունությունը:
Տեղեկացնենք, որ մեկ շաբաթ առաջ քրդաբնակ Ալ-Հասաքա, Ղամիսշլի և Ամուդե քաղաքներում տեղի են ունեցել քրդական կուսակցությունների կողմնակիցների բողոքի ակցիաներ, որոնք պահանջել են ոչ միայն քաղաքացիների իրավահավասարություն, այլև քաղաքական ազատություններ և Իրաքի օրինակով Սիրիայի տարածքում ինքնավարության տրամադրում:






































