ՀՀ կառավարությունն իր որոշմամբ սահմանեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության հիմնարկների և ՊՈԱԿ-ների հաշվեկշռում եղած տրանսպորտային միջոցների դիմացի երկու դռների և շարժիչի ծածկոցին փակցման ենթակա գծապատկերի ձևը։ Գծապատկերի վրա գրված է «Շտապ գյուղատնտեսական օգնություն» և հեռախոսահամարը` (10) 54-19-68։
Գյուղատնտեսական խնդիրներով ստացված դիմումներն անմիջապես գրանցվում են գրանցամատյանում և հասցեագրվում նախարարության համապատասխան ստորաբաժանում կամ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ)` առաջացած խնդիրների վերացմանը նպաստելու համար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս որոշմամբ, ըստ էության, գյուղատնտեսության բնագավառում շտապ օգնության համակարգ է ներդրվում, որի նպատակն է խորհրդատվական ծառայություն մատուցել գյուղացիներին։
«Հայտնի է, որ մենք բոլոր մարզերում ունենեք ԳԱՄԿ-ներ, որոնք ստեղծել ենք Համաշխարհային բանկի հետ, և որոնցում ներառված են շուրջ 300 բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Կառավարության այս որոշումով նաև հնարավորություն է ստեղծվելու փոխադարձ կապ ապահովել, նախարարությունն էլ կկարողանա պատշաճ ձևով վերահսկել ամեն օր մատուցվող ծառայությունների ծավալը։ Նաև մենք հնարավորություն կունենանք ամեն շաբաթ ամփոփել և հասկանալ, թե հիմնականում որ հարցերն են այսօր մտահոգում մեր գյուղացիներին»,- ասաց վարչապետը։











































