Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթն անցած տարվա նոյեմբերին առաջարկել է 3500 զինվոր ուղարկել Իրաք ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ մարտական գործողություններ վարելու համար: Այսպիսի պնդում է հրապարակել ավստրալական առաջատար թերթերից մեկը՝ The Australian-ը:
Պարբերականի տեղեկությամբ՝ Էբոթն իր առաջարկով «ցնցել է ավստրալական գերագույն հրամանատարությանը», որի ներկայացուցիչները վարչապետին ասել են, որ «միակողմանի կարգով 3500 զինվոր ուղարկելը, այսինքն՝ առանց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի որևէ աջակցության, աղետ կլինի»:
Վարչապետի գրասենյակը դեռ չի մեկնաբանել The Australian-ի հրապարակումը, սակայն Ավստրալիայի ֆինանսների նախարար Մատիաս Քորմանը ABC-ի ռադիոհաղորդման ժամանակ թերթի պնդումը հերքել է. «Այդ պատմությունն իրականությանը չի համապատասխանում, վարչապետը երբեք հանդես չի եկել այդպիսի առաջարկով»,- ասել է նա:
Պետք է նշել, որ The Australian-ն ընդդիմադիր թերթ չէ և շատ հարցերում աջակցում է երկրի ներկայիս կառավարության քայլերը:







































