Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի կողմից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հայտարարված «քաղաքական պատերազմը» ունեցավ շատերի համար շոկային հանգուցալուծում: Հունվարի 13-ին «Սերժ Սարգսյանի չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը» որպես «իր կյանքի ամենամեծ գործ» հռչակած ԲՀԿ առաջնորդը ընդամենը չորս օր անց հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, ով, ի դեպ, «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին» տվել էր միևնույն` «չարիք» բնորոշումը: Արդյունքում հրապարակվեց Ծառուկյանի նահանջի հայտնի հայտարարությունն, ու ԲՀԿ-ն չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ի հանրահավաքը:
Ու չնայած` իրենց իսկ փոխադարձ բնորոշմամբ` «չարիքների» այս մենամարտում որևէ մեկը չհեռացավ, կորուստներ ունեցան և դեռ կունենան երկու կողմն էլ: Քանզի դժվար է պատկերացնել, որ այս ամենից հետո իրավիճակը կարող է վերադառնալ մինչ հունվարի 12-ը եղած ելման դիրքին: Ի թիվս այլ անդառնալի գործընթացների, փաստորեն փլուզվեց նաև ընդդիմադիր Եռյակը, քանի որ ԲՀԿ-ից բացի, առաջիկա հանրահավաքին չի մասնակցելու նաև ՀԱԿ-ը, որի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց Սերժ Սարգսյանին` նրա հետ դեմ առ դեմ հանդիպելու խնդրանքով:
Այս անսպասելի, իսկ գուցե և միանգամայն օրինաչափ զարգացումներից հետո արդիական է դառնում այն հարցը, թե ով է այսուհետ զբաղեցնելու ընդդիմադիր բևեռը: Այս հարցի և վերջին զարգացումների քաղաքական դասերի շուրջ ԱՆՏԻՆՈՄԻԱՅԻ տաղավարում բանավիճում են քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը և ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար մարմնի անդամ Հովսեփ Խուրշուրդյանը:










































