Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում պետք է որոշում կայացվի, թե ում է պաշտպանում կուսակցությունը մարտի 15-ին նշանակված Արմավիրի քաղաքապետի ընտրություններում: Փետրվարի 23-ին սկսվում է քարոզարշավը, և ՀՀԿ-ականները պետք է մինչ այդ որոշեն, թե ով է իրենց թեկնածուն, մանավանդ որ առաջադրված 6 թեկնածուներից չորսը ՀՀԿ-ականներ են, իսկ մեկը՝ ՀՀԿ-ական պատգամավորի որդի:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ չնայած գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն առաջադրել է իր թեկնածությունը,սակայն վարչապետ Հովիկ Աբրահմյանը նրան խորհուրդ է տվել հանել իր թեկնածությունը՝ ասելով, որ ՀՀԿ-ն այլևս նպատակահարմար չի համարում պաշտպանել նրա թեկնածությունը: Խլղաթյանը համաձայնել է ինքնաբացարկ ներկայացնել. միայն մեկ պայմանով՝ եթե ՀՀԿ-ն պաշտպանի իր քրոջորդու թեկնածությունը, որը համատեղության կարգով իր տեղակալն է: Խլղաթյանը պայման է դրել նաև, որ իր հետ միաժամանակ պետք է ինքնաբացարկի դիմում ներկայացնեն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հավանությամբ առաջադրված երկու թեկնածուները, որոնցից մեկը Ղահրամանյանի օգնականն է, իսկ մյուսը՝ անհատ ձեռներեց:
Մեր տեղեկություներով՝ Արմավիրի մարզպետը չի ցանկանում զիջել, քանի որ կարծում է, թե որևէ տարբերություն չկա՝ Արմավիրի քաղաքապետը Ռուբեն Խլղաթյա՞նն է, թե՞ նրա քրոջ որդին, որովհետև այդ դեպքում ևս քաղաքապետարանը ղեկավարելու է Ռուբեն Խլղաթյանը:
Այսպիսով, եթե ՀՀԿ ԳՄ-ն որոշի, որ պաշտպանում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի թեկնածուներից որևէ մեկին, հնարավոր է, որ Ռուբեն Խլղաթյանը չհանի իր թեկնածությունը և այդ դեպքում մենք ականատեսը կլինենք գործող քաղաքապետի և մարզպետի աջակցությունը վայելող թեկնածուի բավական հետաքրքիր մրցակցության: Չնայած Հայաստանում դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ գործող պաշտոնյան կարող է հակադրվել իշխանությանը՝ գիտակցելով դրա բոլոր հնարավոր հետևանքները:
Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Արտակ Գևորգյանը:
Լուսանկարը՝ ynker.am-ի











































